«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։
– Պարոն Բադալյան, Քաղաքացիական պայմանագիրը իրեն հռչակեց կուսակցություն։ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում նշեց, որ երկրում փոփոխություններ անելու համար նախևառաջ պետք է ինստիտուցիոնալ ընդդիմություն ստեղծել։ Կարո՞ղ է արդյոք այն հանրությանը մոբիլիզացնող ուժ դառնալ՝ հաշվի առնելով, որ վերջին երկու տարիներին նրանք մեր իրականության մեջ քաղաքացիական գործունեություն էին ծավալում։
– Երբ նոր կուսակցություն է ստեղծվում, բառախաղեր անել պետք չէ՝ ինստիտուցիոնալ ընդդիմություն, կառուցողական ընդդիմություն և այլն։ Ընդհանրապես ընդդիմությունն արդեն ինքնին ինստիտուտ է, և երբ ստեղծում ես ընդդիմադիր կուսակցություն, արդեն ինստիտուցիոնալ կառույց ես դառնում։ Եվ սխալ է ասել, թե ի տարբերություն գործող ընդդիմության՝ մենք ինստիտուցիոնալ ընդդիմություն ենք։ Այդպիսի հասկացություն քաղաքագիտության մեջ չկա, ինչպես ժամանակին ԲՀԿ-ն էր իրեն անվանում այլընտրանք, որը նույնպես քաղաքագիտության մեջ չկա և նույնպես բառախաղ է։ Դու կամ ընդդիմություն ես, կամ ընդդիմություն չես։ Եթե դու չես մասնակցում գործադիր իշխանության ձևավորմանը կամ չես հայտարարում, որ կողմ ես գործադիր իշխանությանը, ուրեմն դու ընդդիմադիր ես, և «ինստիտուցիոնալ» բառն այստեղ ավելորդ է։
Ինչ վերաբերում է այդ նոր քաղաքական ուժի հաջողության հասնելու հավանականությանը, ապա խնդիրը քաղաքական կուսակցություն ստեղծելու մեջ չէ։ Վերջին 25 տարվա ընթացքում ես ուսումնասիրել եմ Հայաստանի բոլոր քիչ թե շատ գործող կամ չգործող կուսակցությունները։ Արդարադատության նախարարությունում մոտավորապես 76 կուսակցություն արդեն գրանցված է, և կարելի է ասել՝ գրանցվում է հերթական 77-րդը, բայց թե այն հետագայում ինչ կանի՝ այլ հարց է։ Կուսակցություն ստեղծելու համար երկու գործոն է հարկավոր. առաջինը հարցի իրավական մասն է, որը ենթադրում է որոշակի արարողակարգ՝ փաստաթղթեր, համագումարի անցկացում, ղեկավար մարմինների ընտրություն և այլն, այսինքն՝ անում ես այն, ինչ պահանջվում է օրենքով։ Սա շատ հեշտ է իրականացնել, բայց խնդիրը գործունեություն իրականացնելն է, այսինքն՝ կուսակցությանը բովանդակություն հաղորդելը, իսկ բովանդակության խնդիրը բավականին բարդ է, և դա այնքան էլ կուսակցությունների ստեղծման հետ կապ չունի, որովհետև երբ դու կուսակցություն ես ստեղծում, դու հասկանում ես, որ պետք է հասարակության որոշակի մասի շահը պաշտպանես, բայց խնդիրը հասարակության մեջ է։ Քանի դեռ հասարակության միջից դու քեզ համար չես ստեղծել ընտրազանգված, քեզ համար շատ դժվար է կուսակցություն ստեղծելով՝ փորձել ինչ-որ շահեր պաշտպանել։ Սա չի հաջողվում Հայաստանում, որովհետև Հայաստանում հասարակությունը բաժանված է երկու մասի. մի մասը պայմանական ասած՝ 5 տոկոս է կազմում, մյուս մասը՝ 95 տոկոս։ Այդ հինգ տոկոսը ակտիվ մասն է, անկախ նրանից՝ նա ընդդիմությանն է պաշտպանում, թե իշխանությանը, ակտիվ վերլուծություններ է կատարում, ընտրություններին է մասնակցում, հանձնաժողովի անդամ է լինում և այլն։ Իսկ մնացածը մասը հասարակության պասիվ մասն է, որի մեջ շատ ուժեղ է պետությունից մի կողմ կանգնելու, արտագաղթելու տրամադրությունը։ Մինչ կուսակցություն ստեղծելը՝ դու պետք է նայես 5 տոկոսին, իսկ 95 տոկոսին ինչպե՞ն կարող ես ակտիվացնել, քաղաքական ակտիվ զանգված դարձնել։ Երբ դու կարողանաս դա անել, այդ ժամանակ կարող ես ստեղծել կուսակցություն և այդ ակտիվ զանգվածի շահերը պաշտպանել։ Եթե դա չարեցիր, այդ ակտիվ ընտրազանգվածը չստեղծեցիր, այլ ստեղծեցիր միանգամից կուսակցություն, դու հաջողություն չես ունենա և կդառնաս արդարադատության նախարարությունում հերթական գրանցված կուսակցությունը և վերջ։
– Այսինքն՝ Քաղաքացիական պայմանագիրը դեռ այդպիսի գործունեություն չի՞ ծավալել։
– Ոչ, գործունեություն ծավալելու համար հսկայական ֆինանսներ են պետք։ Պետք է կամ Արևմուտքի, կամ Ռուսաստանի աջակցությունը, ոչ թե պետության, այլ այնտեղ գործող կառույցների, հիմնադրամների աջակցությունը, պետք է բավականին ակտիվ լրատվամիջոց ունենալ։ Սա շատ բարդ աշխատանք է, բավականին ծավալուն և ժամանակատար։ Վերցնենք Ուկրաինան. 2013-ի նոյեմբերին սկսվեց Մայդանը, բայց մինչ Մայդանի սկիզբը՝ սկսած 90 թվականի դեկտեմբերի 8-ից, երբ Ուկրաինան իր անկախությունը հռչակեց, մինչև 2013 թվականը աշխատանք է տարվել։ Այսինքն՝ Մայդանի ձևավորման աշխատանքը մեկ-երկու տարում չեղավ, այլ դրան նախորդող քսան տարիների ընթացքում, և ներդրվեց 20 միլիարդ դոլար։ Իհարկե, հասկանալի է, որ Հայաստանը Ուկրաինա չէ, և այդքան գումար դու չես ծախսելու, բայց պետք է բավական երկար աշխատանք և գումար, որպեսզի հաջողություն ունենաս։
– Ի՞նչ պետք է անի Քաղաքացիական պայմանագիրը, որ չեն արել նախորդները։ Քաղպայմանագիրը հայտարարում է, որ «ոչ» է ասում և՛ ԵՏՄ-ին, և՛ ԵՄ-ին։ Չի՞ ստացվում արդյոք, որ խուսափում են, և արդյոք այս արտաքին քաղաքականությունը փակուղային չէ՞։
– Հայաստանում որևէ քաղաքական ուժ՝ ուզի, թե չուզի, պետք է կողմնորոշվի՝ կա՛մ Հայաստանը տեսնում է արևմտյան աշխարհում, բայց դա չի նշանակում, որ պետք է Ռուսաստանին կամ Իրանին դեմ լինել, այլ պետք է քաղաքակրթական աշխարհի մաս լինել, կա՛մ ռուսական քաղաքակրթական աշխարհում, որտեղ դու պետք է համագործակցես՝ հաջողություն ունենալու համար։ Իսկ եթե դու երկուսն էլ մերժում ես, Հայաստանի հասարակությունը քեզ իշխանության բերելու ուժ չունի, մինչդեռ քաղաքական կուսակցության նպատակը իշխանության գալն է։ Իշխանության գալու համար դու պետք է կարողանաս համագործակցության ուղիներ փնտրել կա՛մ մեկի կա՛մ մյուսի հետ։ Ադրբեջանը կարող է չհամագործակցել ո՛չ Արևմուտքի, ո՛չ Ռուսաստանի հետ, որովհետև Ադրբեջանն ունի նավթի պաշարներ, և նա կարող է և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ փորձել համագործակցել՝ առանց ընդգրկվելու այդ աշխարհների մեջ։ Տեսեք՝ Վրաստանն ընդգրկված է այդ աշխարհներից մեկում, հիմա Վրաստանի բյուջեն ինչքան է, Հայաստանի բյուջեն՝ ինչքան, տեսեք՝ Վրաստանի տնտեսական զարգացումը ինչքան է, Հայաստանի տնտեսական զարգացումը՝ ինչքան, և այլն։ Այսինքն՝ եթե դու ցանկանում ես իշխանության գալ՝ ուզես, թե չուզես, ընտրություն պետք է կատարես։ Եթե ընտրություն չկատարեցիր, կդառնաս հերթական 77-րդ կուսակցությունը։ Սա է խնդիրը։ Ընտրելը զուտ հայտարարություն չէ, ընտրելը բազմաթիվ աշխատանքներ է ենթադրում։ Կողմ լինելուց բացի՝ դու պետք է բազմաթիվ աշխատանքներ կատարես, այն, ինչ կատարեց Վրաստանը՝ սկսած Սաակաշվիլիից հետոն և մինչև Սաակաշվիլին, այն, ինչ կատարեց Ուկրաինան, այն, ինչ կատարեց Մոլդովայի ժողովուրդը, այսինքն՝ դու պետք է ընտրաբազա ձևավորես, իսկ դա կախված է քո օրիենտացիոն ուղղությունից։
– Նիկոլ Փաշինյանը իր ելույթում նշեց, որ չեն պատրաստվում երկար ժամանակ ընդդիմություն մնալ, ստանձնելու են պետական իշխանությունը. սա ժամանակից առաջ արված հայտարարություն չէ՞։
– Ընդդիմադիր բոլոր ուժերն էլ ասում են, որ մենք չենք պատրաստվում երկար ընդդիմություն լինել, որ այս ընտրություններին մենք կհաղթենք։ Ընդդիմադիր բոլոր ուժերն էլ նմանատիպ հայտարարություններ են անում։
– Այսինքն՝ Քաղպայմանագիրը դեռ հանրությանը պետք է ներկայացնի՝ ինչպես է պատկերացնում Հայաստանի զարգացման ճանապարհը, դեռ անելիքներ ունի շատ ուղղություներով։
– Ոչ թե դեռ անելիքներ ունի, այլ կարելի է ասել՝ ոչինչ չի արել։ Երբ ասում ենք՝ դեռ անելիքներ ունի, նշանակում է՝ ինչ-որ բան արել է և հիմա պետք է շարունակի, իսկ նա ոչինչ չի արել։ Միայն հայտարարելը քիչ է. 25 տարվա ընթացքում այնքան կուսակցություն այնքան բան է հայտարարել, որ արդեն չեմ հիշում՝ ով ինչ է ժամանակին հայտարարել։ Խնդիրը արդեն գործն է, հայտարարությունը քո գործի քարոզչական մասն է, այսինքն՝ եթե դու մի բան արել ես, հայտարարում ես դրա մասին, բայց եթե դու ոչինչ չես արել և հայտարարում ես, որ ուզում ես մենաշնորհ չլինի, ասելը քիչ է, պետք է գործ անես։ Իսկ գործ անելը բավականին դժվար է լինելու Հայաստանում՝ հաշվի առնելով Հայաստանում հասարակության իրավիճակը։