Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Կովկասի հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն մեկնաբանել է իսրայելական պատվիրակության աբխազական այցը.
«Իսրայելական պատվիրակությունը պլանավորում է Սուխումում հանդիպումներ անցկացնել Աբխազիայի վարչապետ Սերգեյ Շամբայի և պաշտպանության նախարար Մերաբ Կիշմարիայի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են անվտանգության, զբոսաշրջության ու ագրոարդյունաբերության ոլորտում համագործակցությանն առնչվող խնդիրները:
Այցը կարող է պայմանավորված լինել Վրաստանում իսրայելցի երկու գործարարների ձերբակալությամբ, ինչպես նաև վրացական իշխանությունների ու իսրայելցի գործարարների միջև առկա որոշակի տարաձայնություններով:
Ես թերահավատորեն եմ մոտենում նրան, որ իսրայելական ընկերությունը ռեալ կսկսի սպառազինություն մատակարարել Աբխազիային: Միևնույն ժամանակ չեմ բացառում, որ իսրայելական կողմը կարող է նախապատրաստության հարցում օգնություն ցուցաբերել Աբխազիայի հատուկ նշանակության զորքերին»:
Հիշեցնենք, որ Վրաստանի արտգործնախարարությունը դեռևս չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը, իսկ Իսրայելի արտգործնախարարությունը հերքել է, թե պետությունը կարող է որևէ կապ ունենալ այդ այցի հետ` այն որակելով որպես արկածախնդրություն: