Ադրբեջանական APA լրատվական գործակալութան փոխանցմամբ, ԵԽ մարդու իրավունքների կոմիսար Թոմաս Համարբերգը, երեկ հանդես գալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում, ներկայացրել է կոմիսարիատի վերջին մեկ տարվա գործունեության հաշվետվությունը:
Նստաշրջանում Համմարբերգը պատասխանել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող ադրբեջանական պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևայի հարցին.
«Ղարաբաղյան հակամարատությունը պետք է կարգավորվի միայն քաղաքական ու խաղաղ ճանապարհով: Միջազգային հանրությունն ընդունում է այն հանգամանքը, որ այդ հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Դա նշանակում է, որ խնդրի առաջին պատասխանատուն հենց «մինսկյան եռյակն» է (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա):
Վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բավականին լարված գործունեություն են ծավալել: Սակայն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն առաջին հերթին կախված է հակամարտող կողմերի ցուցաբերած քաղաքական կամքից»: