ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին սովամահ է անում սեփական ժողովրդին: Այս հայտարարությունը Քլինթոնն արել է այն բանից հետո, երբ Քադաֆին նոր «վայրագության է դիմել»` ռմբակոծելով Միսրատա քաղաքի բնակելի շրջանները:
Նա տեղեկացրել է, որ Քադաֆիին հավատարիմ ուժերը ռմբակոծում են սննդամթերքի պահեստները` դրանով ստիպելով ապստամբներին հանձնվել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: «Վերջին օրերին մենք ստանում ենք նոր տեղեկություններ Քադաֆիի ուժերի կողմից իրականացվող նոր վայրագությունների մասին»,- ասել է պետքարտուղարը:
Երեկ ամերիկյան օդուժը մի քանի օր տևած դադարից հետո շարունակել է Քադաֆիի ուժերի դիրքերի ռմբակոծությունը: Երկրի զինվորական ղեկավարությունը հայտարարել է, որ դա տեղի է ունենում նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ին է փոխանցել Լիբիայի գործողությունների հրամանատարությունը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ից ամերիկյան օդուժը դադարեցրել էր մասնակցությունը ռազմական գործողություններին, ինչի մասին հայարարել էր երկրի բարձրագույն ղեկավարությունը: Ամերիկյան ինքնաթիռները միայն պետք է աջակցություն ցույց տային իրենց եվրոպացի գործընկերներին` վերահսկելով Լիբիայի օդային տարածքը: