Լիսաբոնում նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների հավաքում այլ հարցերի թվում խոսք կգնա ՆԱՏՕ-ի տարածաշրջանային մի շարք շտաբները փակելու մասին եւս, հայտնում է թուրքական Cumhuriyet-ը` հավելելով, որ Թուրքիան պատրաստվում է պայքարել դաշինքի` Իզմիրում գտնվող ռազմաօդային կենտրոններից մեկը պահպանելու համար:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբում թերթին հայտնել են, որ երկիրը հույս ունի նաեւ հետագայում իր տարածքում պահպանելու այդ օբյեկտը, որի փակման հնարավորությունը պայմանավորված է Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից անցկացվող ֆինանսական միջոցների տնտեսման քաղաքականությամբ: Դրա հետ կապված` թերթը հիշեցնում է, որ ավելի վաղ փակվել է թուրքական Էսքիշեհիր քաղաքում 90 մ խորութամբ հողի տակ 1999 թ-ին կառուցված ՆԱՏՕ-ի ռազմաօդային բազան: Այդ կիսաշրջանաձեւ տարածքի հիմքի մակերեսը կազմում է 2900 քառ.մ: Այժմ այդ բազան պատկանում է Թուրքիայի ռազմաօդային ուժերին: