ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի առաջարկին, որ հարկավոր են փոփոխություններ ՀՀ ԸՕ-ում, որպեսզի նախագահի և ԱԺ պատգամավորի պաշտոնում ընտրելու և ընտրվելու իրավունք ընձեռվի նաև երկքաղաքացիներին, կարծիք հայտնեց, որ իշխանություններն այդ քայլերին դիմում են ժողովրդի ուշադրությունը շեղելու համար:
«Դա բացարձակ կապված չէ ընտրությունների հետ: Խնդիրը հասարակության մեջ նման թեմաներ գցելն է, որպեսզի մարդկանց ուշադրությունը շեղվի առկա պրոբլեմներից, Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքներից: Այսօր Հայաստանում կա մեկ խնդիր` իշխանափոխության խնդիրը, որ դրել է ընդդիմությունը: Մնացած բոլոր խնդիրները միջոցներ են` շեղելու հասարակության ուշադրությունն իշխանափոխության խնդրից»,- նշեց Արամ Մանուկյանը:
Ըստ նրա` ապրիլի 28-ի հանրահավաքն է թիվ մեկ թեման, իսկ մյուս պրոբլեմները դրա կողքին չեն կարող քննարկման թեմա դառնալ: