Ադրբեջանական APA լրատվական գործակալության հաղորդմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևն այսօր այցելել է ղարաբաղյան ռազմաճակատի Ակնի (Աղդամ) հատված:
Այնտեղ Աբիևն այցելել է տեղի զորամասեր և հանդիպում ունեցել զինծառայողների հետ` ստուգելով նրանց մարտունակությունը: Աբիևը եղել է նաև դիրքերում (խրամատներում):
Նշվում է, որ Աբիևը գոհ է մնացել սահմանապահ զորքերի մարտունակության աստիճանից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Աբիևն այցելել էր Անկարա ու հանդիպումներ ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Մեհմեդ Վեջդի Գյոնյուլի և գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Սեբահաթթին Ըշըք Քոշաների հետ: Անկարայում Աբիևը հայտարարել էր, որ իրենք անգամ «մեկ թիզ» հող չեն զիջի հայերին: