Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, այսօր ԵԽԽՎ խորհրդարանականները պետք է դիտարկեն Վրաստանի վերաբերյալ մոնիթորինգային զեկույցը, ուր նշված է, թե Վրաստանն ինչպես է կատարում ԵԽԽՎ առջև ստանձնած իր պարտավորությունները:
Չնայած նրան, որ ԵԽ-ին անդամակցելուց հետո զեկույցում որոշակի առաջընթաց է նկատվել Վրաստանի քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացման ոլորտում, այնուամենայնիվ, Վրաստանի նկատմամբ մոնիթորինգը դեռ շարունակվելու է:
Միևնույն ժամանակ ԵԽԽՎ-ին առաջին հերթին անհանգստացնում են 2008 թվականին գրանցված ռուս-վրացական պատերազմի արդյունքում մարդու իրավունքների շարունակական խախտումները:
ԵԽԽՎ-ը Վրաստանին կոչ է անում համոզիչ հետաքննություն անցկացնել բոլոր ենթադրյալ իրավախախտների նկատմամբ: Մասնավորապես, նշվել է երկրում «ազատ տեղաշարժման իրավունքի կոպիտ խախտման» մասին։
Բացի այդ, ԵԽԽՎ-ն մտադիր է Վրաստանին կոչ անել շուտափույթ ստորագրելու Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան:
Հիշեցնենք, որ Վրաստանը ԵԽ-ին անդամակցել է 1999 թվականի ապրիլի 27-ին` դառնալով նրա անդամ 41-րդ երկիրը: