Friday, 29 03 2024
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին

Պատմության գործոնը և հավերժական զոհի կերպարը. Ժիրայր Լիպարիտյանի հոդվածը

Azatamart.am-ի փոխանցմամբ՝ ՀՀ առաջին նախագահի ավագ խորհրդական (1994-97թթ.), պատմաբան, պրոֆեսոր, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը զեկուցմամբ հանդես է եկել այս տարի` 2015-ի ապրիլի 10-11-ին  Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում տեղի ունեցած`  Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված գիտաժողովին: 

Ներկայացնում են Ժիրայր Լիպարիտյանի զեկույցը  ամբողջությամբ: 

Ոճրագործի-զոհի հարացույցն իշխում է առնվազն հիշողության և հաճախ հայ-թուրքական հարաբերությունների մասին քննարկումներում, ճիշտ այնպես, ինչպես որոշ ժամանակ իշխել է հայ քաղաքական մտածողության մեջ։ Այդ հարացույցն ընդհանուր առմամբ խաթարվել է միայն հայ հերոսի երբեմնակի ի հայտ գալով։

Ցեղասպանությունը, որն սկսվել է 1915 թ.-ին, գրեթե բացառել է այդ հարաբերությունները քննախույզ հայացքով դիտելու անհրաժեշտությունը՝ թե՛ քաղաքականության ընտրանքների, թե՛ անցյալի քաղաքականության մեկնաբանման առումով։

Այդ հարացույցը, որը հիմնված է թուրքերի ու հայերի էության կանխակալ ըմբռնողության վրա, փորձության է ենթարկում այն ամենը, ինչից մեր պատկերացմամբ բաղկացած է պատմությունը։ Այստեղ գործ ունենք պատմական գործոնի խնդրի հետ, որն ուղղակիորեն բխում է այդ հարացույցից։ Եթե թուրքերի հետ հայերի հարաբերությունը զոհի հարաբերություն է, կամ եթե զոհի հարաբերություն է Հայաստանի հարաբերությունը Թուրքիայի հետ՝ անցյալում և ապագայում, կարող ենք վստահ լինել, որ պատմություն չունենք գրելու. մեր ունեցածը նահատակության պատմվածքների շարք է կամ, լավագույն դեպքում՝ սրբերի վարքագրություն։

Խնդիրն այն է, թե հայերն իրենց պատմության մեջ, հատկապես թուրքերի հետ իրենց հարաբերություններում գործո՞ն են, թե՞ ոչ։ Առհասարակ նշանակություն ունեցե՞լ է, թե ինչ են ասել կամ արել հայերը, ինչ են ասել ու արել, որ չպետք է ասեին ու անեին։ Նշանակություն ունեցե՞լ է, որ գուցեև բաներ են եղել, որ չեն ասել, կամ բաներ, որ չեն արել, որ կարող էին կամ պետք է ասած ու արած լինեին։ Այս հարցերը վճռորոշ են միջազգայնորեն ճանաչված երկու պետությունների՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների հարցում։ Սույն նյութի նպատակներից ելնելով՝ մի կողմ կթողնեմ այդ հարցերի առնչությունը մինչև Առաջին համաշխարհային պատերազմը օսմանյան պետության ու օսմանյան հայերի ղեկավարության միջև գոյություն ունեցած հարաբերությունների պատմության հետ։

Հայաստանի երրորդ հանրապետության փորձառությունը մեզ հնարավորության սահմաններում մոտեցրել է Թուրքիայի նկատմամբ այլընտրանքային ընկալումների ու այլընտրանքային մոտեցումների փորձարարությանը։

Քննարկումն սկսենք երևութապես միմյանց հետ կապ չունեցող երկու պարզ հարցով.

1) ի՞նչ դեր էր հատկացված Ցեղասպանությանը անկախ Հայաստանի անվտանգության ու արտաքին քաղաքականության հայեցակարգում ընդհանրապես և Հայաստանի չորս անմիջական հարևաններից մեկի՝ Թուրքիայի Հանրապետության հետ հարաբերություններում մասնավորապես, և

2) Հայաստանը կարո՞ղ է լինել անկախ պետություն։

Նախևառաջ, եկեք հիշենք, որ Ցեղասպանության ճանաչման հարցը Սփյուռքի համայնքների օրակարգային գերիշխող հարց է դարձել ընդամենը 1960-ականների սկզբին, ո՛չ ավելի առաջ։ Եվ դրանից ի վեր մնացել է այդպիսին։ Սփյուռքում Ցեղասպանությունը վերածվել է ազգային ինքնության նշանավորման, համայնքային կազմակերպման սկզբունքի և համայնքի ներսում իշխանության օրինակարգման աղբյուրի։ 1980-ականներին հայկական հաստատություններն ու քաղաքական ուժերը, մի կողմ թողնելով խորհրդայնամետ ու հակախորհրդային կողմնորոշումների միջև ընթացող մեծ կռիվները, համագործակցության հիմք հայտնաբերեցին՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարը։

Գաղափարաբանական թե գործնական պատճառներով, բոլոր ուժերն այդ ժամանակ եկան այն համաձայնության,

ա) որ Խորհրդային Հայաստանի գոյությունը լավ բան է և պետք է այն պահպանել,

բ) հարկավոր է լավ հարաբերություններ ունենալ Խորհրդային Միության հետ, և

գ) որ բացի համայնքային կազմակերպություններ ստեղծելուց ու մշակույթ ներկայացնելուց, Ցեղասպանության ճանաչումն ու Թուրքիայի նկատմամբ պահանջները, ինչպես էլ դրանք ձևակերպված լինեն, պետք է կազմեն սփյուռքահայ մտահոգությունների էությունը։

Այս` գրեթե հովվերգական, եթե ոչ` աննախադեպ ներդաշնակության խնդիրն այն է, որ հաշվի չի առնում, թե ինչ է մտածում Խորհրդային Հայաստանում և դրա շուրջը գտնվող Լեռնային Ղարաբաղում ու Ջավախքում ապրող հայ ժողովուրդն իր վիճակի մասին։ Եվ պատահեց այնպես, որ 1988 թ. փետրվարին ժայթքեց Ղարաբաղի հարցը։ Շարժումը հզոր էր և օժանդակվում էր ԼՂՀ, ինչպես նաև Հայաստանի ժողովրդի կողմից։ Նրանից ծնվեցին նաև նոր ղեկավարներ, և այն շատ շուտով վերաճեց զարթոնքի ու անկախության ազգային շարժման։

Ծառացավ այն հարցը, թե Հայաստանը կարո՞ղ է անկախանալ։ Դա այն հարցերից էր, որը խիստ հիմնավորապես ու համընդհանուր կերպով քննարկվել է հայոց պատմության մեջ. այն քննարկվել է 1989-ից մինչև 1991 թվականները՝ հանրության մեջ, մամուլում և հետագայում նաև Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդում, որը 1990 թ. ամռանը՝ անկախության հռչակումից մոտ մեկ տարի առաջ, ընդունեց «Անկախության մասին հռչակագիրը»։ Հարցի շուրջ առկա էր երկու մոտեցում։

1.Առաջին մոտեցման կողմնակիցները կարծում էին, որ Հայաստանը չի կարող անկախանալ, որովհետև միջոց չունի դիմակայելու Թուրքիայի անխուսափելի հարձակմանը։ Իսկ Թուրքիան վստահորեն կհարձակվի ու կկործանի Հայաստանի հայերին, քանի որ

ա) այն Օսմանյան կայսրության ժառանգորդն է, որը Ցեղասպանության պատասխանատուն էր,

բ) թուրքերն իրենց բնույթով վայրագ են ու ցեղասպանող,

գ) Թուրքիան չի ճանաչել 1915 թ. ցեղասպանությունը, և

դ) միակ պատճառը, որ առայժմ չի հարձակվել, այն է, որ Հայաստանը Խորհրդային Միության մաս է կազմում. եթե Հայաստանը դուրս գա ԽՍՀՄ-ից, Թուրքիան վստահորեն կներխուժի և կբնաջնջի երկրի բնակչությանը, որպեսզի ավարտին հասցնի 1915 թվականին սկսածը։ Այդ դիրքորոշմանն էին Կոմունիստական կուսակցությունն ու Դաշնակցությունը և որոշ չափով նաև սփյուռքահայ քաղաքական մյուս կուսակցությունները։ Այդ կողմում գտնվողները կարծում էին, որ այլ կերպ մտածողները կա՛մ միամիտ են, կա՛մ պատմության դասերից անտեղյակ, կա՛մ դավաճան, և կա´մ այդ բոլորը միատեղ։

2.Նրանց համար, ովքեր երկրորդ ու նոր մոտեցման կողմնակիցներն էին, 1915 թ. Ցեղասպանությունը պատմության գործոններով պայմանավորված աղետ էր։ Հայաստանը կարող է և պետք է անկախ լինի` կարծում էին Ղարաբաղյան շարժման ղեկավարները։ Ընդունված տեսակետը խրախուսվել է, որպեսզի դրանով արդարացվի Հայաստանի վրա խորհրդային իշխանությունը և, առհասարակ, երրորդ ուժին ապավինելը՝ դրանով իսկ անկախությունը դարձնելով անցանկալի և երևութապես անհնար։ Նրանք պնդում էին, որ հայերը կարող են իրենց գործերը վարել իբրև անկախ պետություն, եթե կարողանան համապատասխան քաղաքականություն մշակել և ձերբազատվել զանազան բարդույթներից, որոնք դժվարացրել են հայերի համար անկախ ու առանց գաղափարական պարտադրանքի հարուցած մտային սահմանափակումների ու խոչընդոտների մտածելը։ Հայաստանի անկախությունը հնարավոր կլինի, երբ Հայաստանը կարողանա իր բոլոր հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել։ Բոլոր հարևանների հետ նորմալ հարաբերությունները պետք է էական տեղ զբաղեցնեն Հայաստանի անվտանգության գործում։

Նման դիրքորոշումը, բնականաբար, հակադրվում էր ա) սփյուռքում ձեռք բերված համերաշխությանը, բ) այն գաղափարախոսությանը, որը կերտվել էր Սովետական Հայաստանի պատմության մեջ Ռուսաստանի/Խորհրդային Միության դերի առնչությամբ և որը հատկապես կենտրոնացված էր ու կառուցված հայերի զոհի կերպարի շուրջ։ Այդ գաղափարախոսությանը հետևում էին Խորհրդային Հայաստանի պատմագիտությունը, ինչպես նաև 1970-ականներից ի վեր Սփյուռքում ծավալվող քաղաքական քննարկումները։ Նոր մոտեցմամբ գլխիվայր շրջվում էր ընդունված ճշմարտությունը։ Այլ կերպ ասած, երկրորդ դիրքորոշումը հեղափոխություն էր հայ քաղաքական մտքի մեջ։

Հայաստանն անկախացավ, և դա կատարվեց՝ առնվազն Հայաստանում ճնշող մեծամասնության կողմից երկրորդ դիրքորոշման աջակցությամբ։

Հայաստանի ու Թուրքիայի միջև սկզբնական կապերի ընթացքում, դեռևս նույնիսկ մինչև Հայաստանի պաշտոնապես անկախացումը, Թուրքիան ցանկություն հայտնեց կարգավորելու Հայաստանի հետ հարաբերությունները՝ ակնկալելով, որ փոխարենը Հայաստանը Սփյուռքին կհամոզի վերջ տալ Ցեղասպանության ճանաչման քարոզարշավին։ Հայաստանի նոր իշխանությունները հստակորեն և աներկբայորեն մերժեցին այդ սցենարը։

Անկախ Հանրապետության առաջին վարչակազմը Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահությամբ 1990-1998 թթ. մշակեց այնպիսի արտաքին քաղաքականություն, որը ձգտում էր բոլոր չորս հարևանների հետ հարաբերությունների կարգավորման՝ միաժամանակ Ռուսաստանի հետ զարգացնելով պաշտպանության ոլորտի հարաբերություններ՝ առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ չեն կարգավորվել Թուրքիայի հետ հարաբերությունները: Ադրբեջանի պարտադրած Ղարաբաղյան պատերազմը լուրջ խոչընդոտ դարձավ բոլոր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման նպատակն իրականացնելու գործում, ինչը Հայաստանի անվտանգության անհրաժեշտ բաղադրիչն էր։

Առաջին վարչակազմը ցանկանում էր Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։1993 թ. սկզբներին այդ նպատակին գրեթե հասել էինք, սակայն դրան խանգարեց հայ-ադրբեջանական պատերազմի ընդլայնումը։ Այդ պատերազմի պատճառով Թուրքիան հրաժարվեց երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրության շուրջ բանակցություններն ավարտին հասցնելուց։ Այդ բանակցությունների ժամանակ՝ ո՛չ դրանց ընթացքում, ո՛չ դրանց ձախողման հարցում Ցեղասպանությունը դեր չի կատարել։ Թուրքիան պարզապես ուզում էր Հայաստանի հետ բանակցությունների հանգամանքը գործածել՝ Ղարաբաղյան հարցով բանակցություններում իր զարմիկ Ադրբեջանի համար առավելություն ապահովելու նպատակով։

Այլ կերպ ասած, առաջին վարչակազմը

ա) մերժեց Ցեղասպանությունը դարձնել Թուրքիայի հետ հարաբերությունների անկյունաքար և

բ) շատ լավ գիտակցում էր Ցեղասպանությունը երկկողմ կամ միջազգային բանակցությունների առարկա դարձնելու վտանգները։

Առաջին այդ տարիներին Հայաստանի արտաքին ու անվտանգության քաղաքականության մեջ Ցեղասպանության դերի շուրջ բանավեճը չդադարեց։ Քննադատները պնդում էին, որ կառավարությունը կոպիտ սխալ է գործում Թուրքիայի նկատմամբ իր քաղաքականությամբ, որ Ցեղասպանության ճանաչումն ու այդ ճանաչման վրա հիմնված պահանջատիրությունը պետք է լինեն Թուրքիայի հետ որևէ հարաբերության նախապայմաններ, որ այդ ճանաչման բացակայությունը լուրջ սպառնալիք է նոր Հանրապետության ազգային անվտանգությանը, և որ Ցեղասպանությունը ոչ թե սոսկ պատմական իրադարձություն է, այլ դեռևս կատարվելիքի նախակարապետը։

Քննադատներն իրենց կանխատեսումների իրավացիությունն ապացուցող նշաններ էին փնտրում և չէին գտնում։ Նրանք չափազանցրին հայերի կողմից Քելբաջարի գրավումից հետո 1993 թ. Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի հայտարարության նշանակությունը։ Ղարաբաղում ու դրա շուրջ պատերազմը շարունակվեց մինչև 1994 թ. մայիս ամիսը։ Այդ տարիների վատագույն՝ 1992-1993 թթ. ձմռան ընթացքում Թուրքիան, որն իբրև թե առիթի էր սպասում Հայաստանի հայերին աշխարհի երեսից վերացնելու համար, բացեց իր երկաթուղային գծերն ու սահմանը՝ Եվրոպայի նվիրած ալյուրը Հայաստան տեղափոխելու համար. Աբխազիայի պատերազմի հետևանքով փակվել էր Ռուսաստանից Վրաստանով դեպի Հայաստան եկող երկաթուղին, և Հայաստանը ոչ մի իրատեսական այլընտրանք չուներ այդ ալյուրը տեղ հասցնելու համար։ Այսպիսով, Թուրքիան փրկեց Հայաստանի բնակչությանը հավանական սովից։

Բացի այդ, 1992 թ. Թուրքիան դարձավ ԵԱՀԽ/ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, որը պետք է զբաղվեր Ղարաբաղյան հակամարտության միջազգային միջնորդությամբ։ Սակայն Հայաստանը վետո դրեց Թուրքիայի կողմից որևէ մեծ դեր ստանձնելուն հակամարտության գոտում` խաղաղապահ ուժերի կազմակերպման ու տեղակայման գործում, որը ԵԱՀԿ-ն ծրագրում էր 1993-ին։

1994 թ. ամռանը պատերազմը, առնվազն՝ պատերազմի տվյալ փուլը, բարեհաջող ավարտվեց հայկական կողմի համար՝ ի մեծ հիասթափություն ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի։

1995 թ. Հայաստանը Ցեղասպանության 80-ամյակը նշեց մի շարք հիշարժան միջոցառումներով, որոնց թվում նաև` Ցեղասպանության թանգարանի և ինստիտուտի հիմնադրմամբ ու բացմամբ։

Երկկողմ հարաբերություններ չէին հաստատվել, սակայն շարունակվում էին անպաշտոն ու պաշտոնական կապերը։ Այդ կապերի շնորհիվ Երևանի ու Ստամբուլի միջև սկսվեցին չարտերային թռիչքներ, որոնք շարունակվում են մինչև օրս, Թուրքիան ընդունում է մեծ թվով Հայաստանի քաղաքացիների, որոնք աշխատանք են գտնում Թուրքիայում, և երկու երկրների միջև, Վրաստանի միջոցով, առևտուր է իրականացվում։ Ամենաանբարենպաստ պայմաններում անգամ Թուրքիան չհարձակվեց Հայաստանի վրա։

Հայաստանի անկախության առաջին փուլն ավարտվեց երկու նշանակալի իրադարձությամբ.

1) բարեկամության ու համագործակցության ռուս-հայկական պայմանագրով և

2) նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարկադիր հրաժարականով` Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու հարցի պատճառով, որն, անկասկած, փակուղուց հանելու էր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Հայաստանի երկրորդ վարչակազմը, Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, պաշտոնապես վերահաստատեց Թուրքիային նկատմամբ առաջինի դիրքորոշումը և հայտնեց, որ պատրաստ է առանց կողմերից որևէ մեկի նախապայմանների կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները։ Ինչ-որ պահի նախագահ Քոչարյանը, որը նախաձեռնել էր Լևոն Տեր-Պետրոսյանի հեռացումն իշխանությունից, այնքան հեռու գնաց, որ հայտարարեց, թե Հայաստանի Հանրապետությունը Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացնելու իրավական հիմք չունի։ Այդուհանդերձ, հուրախություն առաջին վարչակազմի քննադատների, նա Ցեղասպանության հարցին այնպիսի հնչեղություն հաղորդեց, որ դժվար էր հավատալ, թե շարունակում էր իր նախորդի քաղաքականությունը։

Ակնհայտ այդ հակասականությունը բացատրվում է այն հանգամանքով, որ երկրորդ նախագահի համար Ցեղասպանությունը Թուրքիայի հետ սակարկության հաղթաթուղթ էր։ Քոչարյանը կարծում էր, թե քանի որ Թուրքիան երկկողմ հարաբերությունները կապում է Ղարաբաղյան հարցի հետ, Հայաստանը կարող է Ցեղասպանության հարցն իբրև զենք գործածել Թուրքիայի դեմ՝ ոչ թե այն պատճառով, որ կարևոր էր, որ Թուրքիան ճանաչեր Ցեղասպանությունը, այլ ակնկալելով, թե Թուրքիան կսարսափեր Ցեղասպանության ճանաչման պայքարում Հայաստանի հաղթարշավից, կվախենար և կհրաժարվեր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար իր առաջ քաշած նախապայմանից: Այսինքն՝ կհրաժարվեր երկկողմ հարաբերությունները Ղարաբաղյան հարցի հետ կապելուց։

Իր իշխանության 10 տարիների ընթացքում Քոչարյանը որոշ կեսկատար փորձեր արեց ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ, սակայն դա ևս նրա օրակարգի գլխավոր խնդիրներից չէր։ Ամեն դեպքում, երբ Ցեղասպանությունն արտաքին քաղաքականության քննարկումների մաս կազմեց, մեղմացան քաղաքականության շուրջ բանավեճերը։ Սակայն այդ քննարկումներով ևս չհաջողվեց համոզել Թուրքիային հրաժարվել երկկողմ հարաբերությունները Ղարաբաղյան հարցով պայմանավորելուց։

Շատերն ակնկալում էին, որ անկախ Հայաստանի Սերժ Սարգսյանի գլխավորած երրորդ վարչակազմը լինելու էր երկրորդի ձանձրալի շարունակությունը։ Սակայն, 2008 թ. սկսած, ականատես ենք եղել երկու մեծ անակնկալի։

2009 թ. Հայաստանն ու Թուրքիան երկու արձանագրություն ստորագրեցին, որոնք ուղղված էին դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու հարաբերությունների կարգավորմանը՝ այդ թվում և երկու երկրների միջև սահմանի բացմանը։ Հայաստանը ստորագրեց այդ արձանագրությունները, թեկուզ, Թուրքիայի պնդմամբ, դրանցից երկրորդի մեջ մի դրույթ էր մտցված, ըստ որի պետք է հիմնվեր պատմական ճշմարտությունը հետազոտող ենթահանձնաժողով, որը մեկնաբանվում էր իբրև Ցեղասպանությունը կասկածի ենթարկող ձևակերպում։ Քանի որ Հայաստանը Ցեղասպանությունը վերածել էր իր արտաքին քաղաքականության առաջնային հարցերից մեկի, Անկարան պնդեց, որ արձանագրությունների մեջ անդրադարձ լինի այդ հարցին։ Արձանագրություններում Թուրքիան կարծես շրջանցում էր Ղարաբաղի հարցը, մինչդեռ իրականում հարցը, առանց անունը տալու, ներառել էր առաջին արձանագրության նախաբանի մեջ։

Հազիվ ստորագրած՝ Թուրքիան հայտարարեց, որ արձանագրությունները չեն կարող կյանքի կոչվել, մինչև Հայաստանը լուրջ առաջընթաց չարձանագրի ԼՂ հակամարտության լուծման հարցում։ Հայկական կողմում արձանագրությունների, որոշ իմաստով, բուռն քննադատությունը սևեռվեց պատմաբանների ենթահանձնաժողովի վրա։ Վավերացման համար արձանագրություններն իրենց խորհրդարաններին ուղարկելուց հետո, երկու կառավարություններից ոչ մեկը իր երկրի խորհրդարանից քվեարկություն չպահանջեց, թեև հարցական է այդ երկրներում նման բանի անհրաժեշտությունը։ Այնուհետև, այս տարվա սկզբին, նախագահ Սարգսյանը Հայաստանի Ազգային Ժողովից հետ վերցրեց այդ փաստաթղթերը։

Է՛լ ավելի չարաբաստիկ զարգացմամբ, անցյալ ամիս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը «համահայկական» պիտակով մի հռչակագիր հրապարակեց, որով`

1) Ցեղասպանությունը դառնում էր Հայաստանի օրակարգի առանցքային հարցը,

2) Ցեղասպանությունը համարվում էր Թուրքիայից փոխհատուցումների, ներառյալ` տարածքային պահանջների հիմք։ Փաստաթղթում հղվում են Սևրի դաշնագիրն ու վիլսոնյան սահմանները և խոսվում է ավելի լայն, թեև չհստակեցված, պատմական իրավունքների մասին։ Նախագահ Սարգսյանը, որը նաև Հանձնաժողովի նախագահն է, վերահաստատեց Հռչակագրի հիմքում ընկած և ձևակերպված հիմնական մոտեցումները, երբ մերժեց նկատի առնել Համահայկական հռչակագրի տեքստի որոշ հատվածները` վերանայելով նախագահական հայտարարություն անելու հնարավորությունը: Հայտարարություն, որը շատ ավելի կպատշաճեր միջազգային պարտավորություններ ունեցող պետությանը և նվազ հղի կլիներ այդ պետության ապագայի համար վտանգներով։ Նախագահ Սարգսյանը շարունակում է հայտարարել, որ Հայաստանը նախապայմաններ չի դնում երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցում, և, սակայն, պատմաբանի դեր է ստանձնել՝ շարունակելով հայտարարություններ ու քննադատություններ հնչեցնել թուրք պաշտոնյաների ժխտողական հայտարարությունների դեմ՝ այն դեպքում, երբ զլանում է խոսել երկրի անկախության խարխուլ ու սպառնալի վիճակի մասին։

Սարգսյանը քաղաքական մի գործիչ է, որն զբաղեցրել է երկրի համար կարևորագույն մի շարք պաշտոններ, որոնց թվում՝ պաշտպանության նախարարի, վարչապետի և այժմ արդեն յոթ տարի՝ նախագահի պաշտոնը. այդ ամբողջ ընթացքում Ցեղասպանությանն առնչվող նրա արտահայտությունները կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա։ Դժվար է դիմանալ գայթակղությանը և ներկայումս նրա հայտարարարությունների հեղեղը չմեկնաբանել իբրև Թուրքիային ուղղված ազդանշան` այն մասին, որ արդեն չի մտածում Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, և սակայն, Ցեղասպանության վրա կենտրոնանալով, նա Ռուսաստանին հավաստիացնում է, որ անցյալում Թուրքիայի հետ Հայաստանի բանակցությունները պետք չէ լուրջ ընդունել կամ մեկնաբանել իբրև Մոսկվայի նկատմամբ լիակատար նվիրվածության ու հավատարմության բացակայություն։ Դեպի «ռուսական կողմնորոշում» Հայաստանի վերջնական շրջադարձն ավարտվեց անցյալ աշնանը, երբ Սարգսյանն անակնկալ կերպով հայտարարեց, թե Հայաստանը միանում է Ռուսաստանի առաջնորդած Եվրասիական տնտեսական միությանը՝ այն դեպքում, երբ չորս տարի շարունակ Հայաստանը Եվրամիության հետ բանակցություններ էր վարել ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ։

Անարդար չի լինի այն պնդումը, որ Հայաստանն ընդհանուր առմամբ վերադառնում է խորհրդային ժամանակաշրջանի քաղաքական-պատմական կառուցվածքին՝ հրաժարվելով շարժման քաղաքականությունից և հանրապետության անկախության հիմնարար սկզբունքներից։ Ակնհայտ է, որ մենք արդեն իսկ սահմանն անցել ենք՝ Թուրքիայի կողմից Ցեղասպանությունը չճանաչելու հանգամանքը գործածելով իբրև Հայաստանի Հանրապետության ժողովրդի նկատմամբ Թուրքիայի ցեղասպանական մտադրությունների ապացույց։ Այժմ արդեն արտաքին այնպիսի քաղաքականություն ենք զարգացնում, որը միջազգային չափանիշներով բնորոշվում է իբրև ագրեսիվ քաղաքականություն՝ անկախ այն հանգամանքից, թե մեր պահանջներն արդարացի են կամ ոչ։ Եվ դա անում ենք այնպես, կարծես ապրում ենք վակուումի մեջ, կարծես մեր ասածներն ու արածները ոչ մի հետևանքի չեն հանգեցնելու։

Ցեղասպանությանը Հայաստանի ռեժիմի հատկացրած դերի արագընթաց կերպարանափոխումը և կենտրոնացման փոփոխությունը կատարվում են այնպիսի մի ժամանակ, երբ Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանի անկախությունը, երբ իր գոյության ու օրինակարգության հարցում վարչակարգն ավելի ու ավելի է ապավինում Մոսկվային և պնդում, թե Մոսկվայի պահանջներին հակադրվելու միջոց չունի։ Մինչ Մոսկվան, Հայաստանում իշխող օլիգարխիկ վարչակազմի լիակատար աջակցությամբ, աստիճանաբար վերացնում է Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի ղեկավարներն ու զանգվածային լրատվությունը քննարկում են, թե ինչ անել, եթե Թուրքիան հարձակվի՝ այն տպավորությունը ստեղծելով, թե իբր առկա է դրա անմիջական սպառնալիքը։ Ինքնիշխանության կորուստը չի կարող չանդրադառնալ նաև Ղարաբաղյան հարցի կարգավորման վրա. ակնհայտ է առնվազն ինձ համար, որ Ղարաբաղի ապագան դուրս է սահում Հայաստանի ու Ղարաբաղի իշխանությունների ձեռքից։

Որքան Ցեղասպանությանն ավելի կենտրոնական դիրք հատկացնենք հարևանների վերաբերյալ մեր պատկերացումներում ու նրանց նկատմամբ քաղաքականության մեջ, այնքան ավելի հարկ կունենանք ապավինելու Ռուսաստանին և հրաժարվելու ինքնիշխանությունիցԼ Եվ մյուս կողմից՝ որքան ավելի Ռուսաստանը ցանկանա, որ Հայաստանը հրաժարվի իր ինքնիշխանությունից և անվտանգության այլ տարբերակներ չփնտրի, այնքան ավելի Ցեղասպանության հարցը կխաղարկվի Ռուսաստանի քաղաքականությունը սատարող ներքին ուժերի և այլոց կողմից՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար։ Հետաքրքիրն այն է, որ Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերությունները՝ 1923թ.-ից ի վեր, անշեղորեն կայուն և կայունորեն բարեկամական են եղել և ոչ մի կապ չեն ունեցել Ցեղասպանության հետ, սակայն Հայաստանի ու Սփյուռքի հայ ղեկավարների մտքում տարօրինակ կապ գոյություն ունի ցեղասպանության ու «ռուսական օրիենտացիայի» միջև, որի պատճառով տասնամյակներ շարունակ անտրամաբանական ակնկալիքներ են փայփայել։

Այլ կերպ ասած, գրեթե անհնար է Ցեղասպանությունը վերածել արտաքին քաղաքականության հիմքի և տարածքներ պահանջել (առանց նույնիսկ ռազմավարական հայեցակարգի, թե ինչպես կարելի է հասնել դրան, բայց և այնպես` սպասելով, թե Թուրքիան շուտով կհարձակվի) և, միաժամանակ, ակնկալել ինքնիշխանության այնպիսի նվազագույն մի աստիճան ունենալ, որն անհրաժեշտ է անկախ պետություն կոչվելու համար։ Այս անբացատրելի հայտարարությունների ու քաղաքականության մեջ մեծապես նշմարվում է  «Ռուսաստանը մեր փրկիչն է ու մշտական բարեկամը» մտայնությունը՝ ճիշտ այնպես, ինչպես մի քանի տասնամյակ առաջ Խորհրդային Միությունն էր հայ բազմաթիվ քաղաքական ղեկավարների պատկերացումներում՝ հայրենիքում ու դրսում։

Երկու հավելյալ դիտարկում 

1.Հայաստանում ներքին օրինակարգությունից զուրկ վարչակազմների կողմից արտաքին օժանդակություն որոնելու հարցը վերածվում է այդ վարչակազմներից ցանկացածի և Ռուսաստանին առաջարկել կարողացածի միջև միջնորդական մեխանիզմի՝ անկախ նրանից, թե ինչ գին կվճարվի դրա համար։

2.Հարկ է նշել, որ Ցեղասպանության հարցին Երևանում վարչակազմի հատկացրած դերը կարևոր, եթե ոչ` վճռորոշ այն գործոնն է, ըստ որի` որոշ ներքին, բայց հիմնականում սփյուռքյան ուժերը կամենում են որոշել նախագահների ու վարչակազմների նվիրվածությունը ժողովրդավարությանը, լավ կառավարմանն ու մարդու իրավունքների հարցերին։ Եթե Հայաստանի նախագահը Ցեղասպանության մասին բավարար բարձրաձայն է խոսում և այն դարձնում երկրի քաղաքականության անկյունաքարը, ժողովրդավարության ու մարդու իրավունքների բոլոր ոտնահարումներն արտոնված են, և անտեսվում են վատագույն երևույթները։

Այս պարզ շարադրանքի նպատակն է սկզբում նշած երկու մոտեցումների լույսի ներքո վեր հանել հայ-թուրքական հարաբերությունների որոշ կողմեր և Ցեղասպանության հռետորաբանության ու ինքնիշխանության աստիճանի միջև առկա անքակտելի, սակայն հակադարձ կապը։ Եթե, ինչպես նշված էր վերը, Թուրքիան իր սահմանմամբ իսկ ցեղասպանող է ու ոճրագործ, ապա ուրեմն պետք է նշանակություն չունենա, թե ինչ ենք ասում կամ անում, և դատապարտված ենք լավագույն դեպքում վասալ պետություն լինելու։ Եվ պատմությանը մասնակցում ենք ոչ թե իբրև գործոն, այլ իբրև հավերժական զոհեր, որոնք այլ տարբերակ չունեն։

Վերջերս Երևանում իշխող կուսակցությունից մի պատգամավոր հայտարարեց. «Մենք միշտ ինչ-որ մեկի տիրապետության տակ ենք եղել։ Ավելի լավ է լինենք ռուսների, քան թուրքերի տիրապետության տակ»։ Ուրեմն, ո՞ւմ է պետք անկախությունը։ Ո՞ւմ է պետք արտաքին քաղաքականությունը։ Եվ մեր ասած կամ արած որևէ բան ոչ մի նշանակություն չունի, քանի դեռ կարող ենք թաքնվել մեծ եղբոր հետևում և այնտեղից Թուրքիային մենամարտի մարտահրավեր նետել։ Դա նշանակում է, որ մենք պատմության գործոն չենք, իրականում՝ պատմություն չունենք. պարզապես հավերժական զոհ ենք ու նահատակ։

Սակայն հստակ է, որ անկախանալուց ի վեր՝ վերջին 25 տարում, Թուրքիան այնպես վատ չի պահել իրեն, ինչպես կանխատեսում էին թուրքի էության տեսաբանները, թեև կարելի է մեղադրել, որ այդ երկիրը չկարողացավ հաղթահարել Ադրբեջանի հանդեպ իր կողմնակալությունը և հեռատեսություն չդրսևորեց տարածաշրջանային քաղաքականության մեջ։

Ոճրագործ-զոհ հին հարացույցի պահպանումը կարող էր չափազանց խորը նստած լինել հայ քաղաքական պատկերացումներում, որպեսզի դրա այլընտրանքը կարողանար հաջողության հասնել։

1988 թ. շարժման առաջարկած այլընտրանքը հավանաբար արդեն իսկ փոխարինված է ավելի հարմարավետ նախկին հարացույցով։ Որքան էլ մեղավոր լինի Թուրքիան, նա քիչ է պատասխանատու այդ փոփոխության համար։ Մյուս կողմից` Հայաստանն ու Սփյուռքը Թուրքիայի նկատմամբ դիրքորոշումներ են ընդունել, ծրագրեր ու քաղաքականություն են որդեգրել, որոնք, թերևս, իրենք էլ լուրջ չեն ընդունել և ներքին նպատակների են ծառայեցրել` կարծես իրենց բառերն ու գործողությունները նշանակություն չունեն ուրիշների, ներառյալ` Թուրքիայի համար։

Երբ այդ բառերն ու գործողությունները ազդեցություն ունենան ապագայում Հայաստանի անկախության աստիճանի կամ Թուրքիայի քաղաքականության վրա, դժվար կլինի թաքնվել սկզբնական հարացույցի ետևում։

Եթե ցանկանում ենք մասնակցել մեր իսկ ապագայի կերտմանը, մեր պատմության ընթացքի համար գործոն լինել, պետք է մտածենք, խոսենք ու գործենք ո՛չ իբրև հավերժական զոհ, որը ոչ մի պատասխանատվություն չի կրում իր հետ կատարվածի համար, և որը նախատեսում է զոհ լինել ապագայում ևս: Եվ ուրեմն` այն, ինչ կատարվում է իր հետ, ոչ մի կապ չունի իր իսկ բառերի ու գործողությունների հետ: Զոհ, որն ավելի հարմարավետ է զգում` պատասխանատվություն չստանձնելով, զոհ, որը թաքնվում է մեծ եղբոր ետևում և թաքնված այդ դիրքից սուր ճոճում «էությամբ ոճրագործ» նախորոշածի դեմ։

Ցեղասպանությունը մեզ վրա այնպիսի ներգործություններ է ունեցել, որոնք դեռևս լիովին չենք էլ հասկացել։ Այն խորապես ազդել է մեր քաղաքական մտքի զարգացման ու ծավալման վրա։ Մենք Ցեղասպանության ճանաչման համար պայքարել ենք միջազգային հանրության հետ և զլացել հասկանալ մեզ վրա դրա լիարժեք ազդեցությունը։ Մխիթարություն ենք գտել այդ աղետի հավաքական հիշողության մեջ և զլացել ինքնաքննադատական հայացք նետել, ինչը կարող էր հնարավոր դարձնել պատմական իրադարձությունը զանազանել այդ իրադարձությունն այլ նպատակների համար գործիքի վերածելուց, հասկանալ այն դերը, որ ապագայի համար մեր կողմից որոշումների կայացման մեջ հատկացնում ենք Ցեղասպանությանը, եթե ցանկանում ենք պատասխանատվություն ստանձնել մեր ապագան կերտելու հարցում։

 

Ժիրայր ԼԻՊԱՐԻՏՅԱՆ

2015

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում