Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, առատ ձյան պատճառով փակվել է Վերին Լարսի սահմանային անցակետը: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների վարչության մամլո ծառայության պետ Յուլիա Ստարչենկոն:
Վերջինիս խոսքերով, ավտոերթևեկությունը դադարեցվել է վրացական կողմի խնդրանքով, քանի որ առատ ձյունը կաթվածահար է արել վրացական հատվածի երթևեկությունը:
Հիշեցնենք, որ Վերին Լարսը վրաց-ռուսական սահմանի միակ պաշտոնական անցակետն է: 2006 թվականի հուլիսի 8-ին այն փակվեց կապիտալ վերանորոգման համար և եռամյա ընդմիջումից հետո վերսկսեց իր գործունեությունը:
Վերին Լարսի անցունակությունը կազմում է օրական մինչև 7000 մարդ, մինչև 50 ավտոբուս և մինչև 500 ավտոմեքենա: