Բրիտանական BBC-ն հաղորդում է, որ անհայտ հաքերներին հաջողվել է կոտրել Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության փակ ցանցը եւ այնտեղից ստանալ ծառայողական տեղեկություններ գումարների լվացման, հարկերից խուսափելու եւ կաշառակերության վերաբերյալ: Ինչպես ասել է կազմակերպության ներկայացուցիչ Ստեֆանո Բյացոն, ցանց ներխուժելու առաջին փորձերը եղել են օգոստոս ամսին: Սակայն խնդիրը մինչեւ հիմա էլ չի լուծվել, վիրուսն էլ դեռ մնացել է կազմակերպության համակարգիչներում: Կազմակերպության Փարիզի գրասենյակում հիմա կիբերհանցագործությունների մասնագետներն անցկացնում են քննչական գործողություններ:
Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մի մասն է կազմում գումարների անօրինական շրջանառությունն ուսումնասիրող խումբը, որը կազմում է այն երկրների «սեւ» ցուցակը, որոնք հրաժարվում են իրենց տարածքներում մտցնել ֆինանսական վերահսկողության միջազգային կանոնները: