Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը մեկնաբանել է Մոնտե Կարլոյի «Մասթերս» շարքի մրցաշարի եզրափակչում աշխարհի առաջին ռակետ նովակ Ջոկովիչի հետ կայանալիք մրցավեճը:
«Նովակի հետ խաղում ֆավորիտի կարգավիճակում չեմ լինի: Դա ակնհայտ է, և ես այդ մասին ասել եմ մրցաշարի մեկնարկից: Ներկայումս Ջոկովիչը հիանալի մարզավիճակում է և ուժեղ է մնացած բոլոր թենիսիստներից:
Նա գրեթե կատարյալ թենիս է ցուցադրում, ամեն ինչ ճիշտ է անում ու շատ հեշտությամբ միավորներ վաստակում: Նման մրցակցի հետ միշտ անհավանական դժվար է խաղալ:
Պայքարելու եմ յուրաքանչյուր միավորի համար ու փորձելու եմ ցուցադրել լավագույն խաղս: Գիտեմ, որ կարևոր մրցավեճ է, բայց կորցնելու ոչինչ չունեմ: Երբ խաղում ես լավագույնների դեմ, հաղթելու հնարավորություններդ նվազում են:
Կնախընտրեի այլ մրցակցի, բայց ոչինչ չես կարող անել: Չեմ հավատում, երբ թենիսիստներն ասում են, որ ցանկանում են խաղալ լավագույնների հետ: Բոլորն են ցանկանում հանդիպել թույլ մրցակիցների ու հաղթել մրցաշարում:
Բայցևայնպես, լավագույնների նկատմամբ հաղթանակը վստահություն ու լրացուցիչ եռանդ է հաղորդում»,- Նադալի խոսքերը մեջբերում է մրցաշարի պաշտոնական կայքը: