Միլանի «Ինտեր»-ի հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը L’Equipe ֆրանսիական պարբերականին տված հարցազրուցում անդրադարձել է «Ոսկե գնդակ»-ին արժանանալու իր հնարավորություններին եւ խոստովանել , որ ինքը կյանքում այլեւս չի հագնի «Ռեալ»-ի մարզաշապիկը:
Ֆուտբոլային մասնագետներն արդեն հայտարարել են «Ոսկե գնդակ»-ի ամենահավանական հավակնորդների` երեք ֆուտբոլիստների անունները` Խավի, Ինիեստա եւ Սնեյդեր:
«Վաղուց Նիդերլանդների ներկայացուցիչները չեն արժանացել այս մրցանակին: Ընտրությունների արդյունքում տարվա լավագույն ֆուտբոլիստ դառնալը նման է նրան, երբ վիճակախաղության ընթացքում ջեք-փոթ ես շահում: Ես լավ հնարավորություններ ունեմ, բայց ես մտադիր չեմ ամեն րոպե մտածել կայանալիք ընտրության մասին»,- ասել է Սնեյդերը:
Հոլանդացու հաջող ելույթները խոսակցությունների պատճառ են դարձել, թե նա կարող է վերադառնալ Իսպանիայի մայրաքաղաք, իսկ ահա արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մաուրինյոն ցանկություն է հայտնել կրկին համագործակցել հոլանդացու հետ : Սակայն Սնեյդերը վերջ դրեց այդ բոլոր խոսակցություններին` հայտարարելով, որ ինքը ոչ մի անգամ այլեւս հանդես չի գա «Ռեալ»-ի կազմում: