«Առաջին լրատվական»-ի հավաստի տեղեկություններով, մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներ` աշխարհի չեմպիոններ, վաստակավոր մարզիչներ, մարզիկներ ու ֆեդերացիաների նախագահներ, նամակ են ուղարկել Սերժ Սարգսյանին` Սամսոն Խաչատրյանին ազատ արձակելու խնդրանքով:
Նամակի տակ ստորագրել են աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականի ավագ Եվգենի Մակարենկոն, աշխարհի գավաթակիր և Եվրոպայի բազմակի չեմպիոն Վալերի Լապտևը, 2007 թվականի աշխարհի չեմպիոն Սերգեյ Վոդոպյանովը, վաստակավոր մարզիչ Վալերի Սմոլյակովը, Ռուսաստանի երիտասարդական հավաքականի մարզիչ Մենշիկովը և էլի շատ այլ հայտնի մարզիկներ, մարզիչներ և բռնցքամարտի հետ առնչվող պաշտոնյաներ:
Մեր տեղեկություններով, մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանն անձամբ է վերոնշյալ նամակը տարել նախագահական, որտեղից դեռևս ոչ մի արձագանք չի եղել:
Հիշեցնենք, որ սույն թվականի մարտի 13-ին, ժամը 17:00-ի սահմաններում «Դինամո» մարզահամալիրի շրջակայքում մի խումբ դիմակավոր անձինք հարձակվել էին աշխարհի գավաթակիր, Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Սամսոն Խաչատրյանի վրա և առևանգել նրան:
Նույն օրը հայտնի դարձավ, որ Սամսոն Խաչատրյանին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի քննչական բաժանմունք: Մարտի 15-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Սամսոն Խաչատրյանի համար խափանման միջոց ընտրեց երկու ամսվա կալանքը: