Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին խոսելով, նկատեց, որ ինքը ակնկալում էր, որ քննարկումներին կմասնակցեին նաև արդարադատության նախկին և ներկա նախարարները. «Ես տպավորություն ունեմ, որ գործող նախարարները ստանձնում են ռեժիմի փաստաբանների դերը»:
Զեյնալյանը նկատեց, որ առաջարկություններ կփորձի անել, բայց վստահ չէ, որ դրանք տեղ կհասնեն: Նա ընդգծեց, որ ընտրությանը մասնակցածների ցուցակների հրապարակումը չի սահմանափակում մարդկանց գաղտնի քվեարկության իրավունքը, քանզի այդ ցուցակները բացարձակապես գաղտնի չեն և դատական պրոցեսների ժամանակ տրամադրվում են կողմերին, իսկ եթե այդպես է, ապա դրանք հրապարակային են: Զեյնալյանի խոսքերով, գաղտնի տեսանկարահանումը ևս անհրաժեշտություն է:
Նա նաև նշեց, որ օրենքով հնարավոր է արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնել, և իշխանություններին առաջարկեց քաղաքական կամքի դրսևորման և սեփական խոսքերը հավաստիացնելու վարքագիծ. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղերը տրամադրեք քաղաքական փոքրամասնությանը»: