Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկին, պաշտոնական պատվիրակության ուղեկցությամբ, ապրիլի 11-ի առավոտյան մեկնել է Մոսկվա, որտեղից կուղևորվի Սմոլենսկ, որպեսզի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հարգանքի տուրք մատուցի անցյալ տարի կործանված ТУ-154 նախագահական ինքնաթիռի, ինչպես նաև Կատինի սպանդի զոհերին:
Պետք է նշել, որ Մոսկվայից Սմոլենսկ Լեհաստանի նախագահը կուղևորվի մեքենաների շարասյունով: Ինչպես հայտնում է Լեհաստանի առաջնորդի պաշտոնական կայքը, ուղևորությունը կտևի 4 ժամ: Սմոլենսկում Կոմորովսկին և Մեդվեդևը ծաղկեպսակ կդնեն նախկին նախագահ Լեխ Կաչինսկու ինքնաթիռի ավիավթարի վայրում:
Դրանից հետո երկու առաջնորդները կուղևորվեն Կատին, որտեղ հարգանքի տուրք կմատոցեն 1940 թ. գնդակահարված լեհ զինվորների և սպաների հիշատակին:
Նախօրեին նախագահի կնոջ գլխավորությամբ պատվիրակություն եղել է Հյուսիսային օդանավակայանում, որտեղ հարգանքի տուրք է մատուցել զոհվածների հիշատակին և ծաղկեպսակ դրել: Ինքնաթիռի վթարի վայր են եկել ինքնաթիռի զոհերի բարեկամները:
Սակայն Լեհաստանի նախագահի` ինքնաթիռով Սմոլենսկ չժամանելը միակ արտառոց դեպքը չէ: Լեհաստանի նախագահը հրաժարվել է ծաղկեպսակ դնել զոհերի հիշատակը հավերժացնող քարի մոտ, քանի որ նրա վրայի հուշատախտակը փոխվել է ռուսների կողմից: Նրա վրայից անհետացել են այն տողերը, որտեղ նշված է եղել, որ Լեխ Կաչինսկին զոհվել է` ցանկանալով ներկա գտնվել Կատինի ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան:
Հիշեցնենք, որ 2010 թ. ապրիլի 10-ին՝ Երևանի ժամանակով 11:50 րոպեին, Սմոլենսկի շրջանում վայրէջքի ժամանակ վթարի էր ենթարկվել Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու ТУ-154 ինքնաթիռը: Ինքնաթիռում կար 96 մարդ, որոնցից 88-ը պաշտոնական պատվիրակության անդամներ էին: Զոհվածների մեջ էին Լեխ Կաչինսկին կնոջ հետ, բաձրաստիճան պետական պաշտոնյաներ, ուժային կառույցների և պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաներ, Լեհաստանի անվանի հասարակական գործիչներ: