Քաղաքական բառապաշարի լեքսիկոնում ՀԱԿ-ը 3 տարի շարունակ խոսել է արտահերթ ընտրությունների մասին և անպայման առաջինը նշել է նախագահականը, ինչը տրամաբանական է, որովհետև նախագահական կեղծված ընտրությունների պատճառով եղավ այն, ինչ եղավ:
Այս մասին այսօր հիշեցրեց «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը և ավելացրեց. «Եթե որևէ մեկը ասել է՝ «պառլամենտական, հետո՝ նախագահական», ուրեմն, կեղծ ընդդիմություն է դիտվել: Այս պահին խոսքը ԱԺ արտահերթ ընտրությունների մասին է, որովհետև, կրկնում եմ, այս երկխոսությունը, որը, իմ կարծիքով, գործարք է, ըստ էության, պետք է համապատասխանի շահերին: Եվ երբեք չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը կարող է այնպիսի զիջումների գնալ, որ արտահերթ նախագահական ընտրությունների մասին խոսք գնա: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ մենք գործ ունենք բացարձակապես սկզբունքներից հրաժարված, բացարձապես վերին նշաձողից հրաժարված քաղաքական ուժի հետ, որը ինչ-որ մանիպուլյացիաներով փորձում է ցույց տալ, թե իր ճնշման արդյունքում իշխանությունները կարող են գնալ զիջումների: Զիջում չկա, փոխադարձ շահ կա, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանը կփորձի ցույց տալ, որ ինչ կատարվում է՝ իր ճնշումների տակ է կատարվում»:
Ռուբեն Հակոբյանը նաև նշեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում՝ ում հետ բանակցի, ում հետ երկխոսի, ում հետ նախապատրաստվի ընտրություններին և ինչ քաղաքական ստորագրություն ունենա քաղաքական դաշտում: Հետևաբար այստեղ, նրա խոսքերով, բարոյական արժեքների մասին է խոսքը: «Ընդդիմության միավորմանը խոչընդոտող հիմնական ուժը այս 3 տարիների ընթացքում եղել է ՀԱԿ-ը՝ իր առաջնորդով: Ինձ համար ցինիզմի բացառիկ դրսևորում էր, երբ հայտարարվեց, որ ընդդմադիր որոշ ուժեր փորձում են խոչընդոտել այս երկխոսությանը: Չգիտեմ՝ ինչ նկատի ունեին, բայց հարձակումները եղել են հիմնականում «Ժառանգության» ուղղությամբ:
Ուզում եմ պատասխանել՝ հիշեցնելով, որ ապրիլի 8-ի հանրահավաքին հայտարարվեց, թե պետք է ցնցումներ չլինեն պետության մեջ, որ ներքաղաքական լարվածությունից կարող է օգտվել Ադրբեջանը և հարձակում գործել Ղարաբաղի վրա, իշխանությունների հետ պետք չէ ուլտիմատումների, վերջնագրերի լեզվով խոսել: Հարց է առաջանում՝ 2008 թ. փետրվարի 19-ի այդ ամբողջ տասնօրյակում, երբ ամբողջությամբ կազմալուծվել էր Հանրապետության կենսագործունեությունը, երբ հստակ էր, որ ցանկացած շարունակության դեպքում, բախումների դեպքում Ադրբեջանը կարող է օգտվել այդ իրավիճակից, երբ տասնյակ հազարավոր մարդկանց հեղափոխական էներգիա էր ներդրվում իշխանությունը վերցնելու համար, այդ պահին Լևոն Տեր-Պետրոսյանը չէ՞ր մտածում այդ մասին, կամ այս դեպքում ո՞ւմ խղճին է նստած այդ 10 զոհերի արյունը»,- հարցրեց Ռուբեն Հակոբյանը: