Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն Իսլամական հեղափոխության 34-րդ տարելիցին նվիրված ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին:
Սակայն նա ընդգծել է, որ նման բանակցությունները չեն կարող ընթանալ ճնշման ներքո, և որ Վաշինգտոնը պետք է «Իրանի դեմքից հեռացնի ատրճանակի փողը»: Նախագահը նաև հայտարարել է, որ Թեհրանը երբեք չի հրաժարվի իր ատոմային ծրագրից:
Իրանի նախագահի ելույթը հաջորդել էր Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի ելույթին, ով մերժել էր իրանական միջուկային ծրագրի հարցով երկկողմ բանակցություններ անցկացնելու ԱՄՆ-ի կոչը:
Իրանի հոգևոր առաջնորդի և երկրի ղեկավարի հարաբերություններն Ահմադինեժադի կառավարման վերջին շրջանում սրվել են:
1979 թ. Իսլամական հեղափոխությունը հանգեցրեց Իրանում միապետության փլուզմանը:











































