Երեկ Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանություններին մինչև հաջորդ հանրահավաքի օրը` ապրիլի 28-ը, առաջնահերթ լուծման 3 պահանջ ներկայացրեց` քաղբանտարկյալների ազատում, մարտի 1-ի դեպքերի բացահայտում, Ազատության հրապարակում հանրահավաքների արտոնում:
ԲՀԿ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերվում Լևոն Տեր-Պետրոսյանի պահանջներին և հայտարարված վերջնաժամկետին:
«Ընդհանրապես ես մի բան կարող եմ ասել, որ մտահոգություններ բոլոր կողմերից` մի քիչ բարձր, մի քիչ ցածր, արտահայտելը ես ընդունում եմ: Մտահոգությունը վատ բան չէ. դա նշան է այն բանի, որ մենք պետք է այդ մտահոգությունները հաղթահարենք: Ինչ վերաբերում է վերջնաժամկետին` ես վերջնաժամկետ հասկացողությունը չեմ կարող ընդունել: Հասկանում եք, վերջնաժամկետ` ո՞ւմ, ինչի՞ վերաբերյալ: Ցանկանում եմ ասել, որ քաղաքական շրջանառության պարագայում վերջնաժամկետները լավ մոտեցումներ չեն, գոնե այդպիսի որակումները»,- արձագանքեց Վարդան Բոստանջյանը: