«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Սամվել Գևորգյանն անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքին` ասաց, թե Շարժումը գնում է դեպի վերջնական հանգրվան` իր տրամաբանությամբ, բարձրացված հարցերի լրջությամբ և գործողությունների տակտիկական գրագիտությամբ:
«Մենք պետք է հասկանանք, որ սա վերջին հնարավորությունն է: Շատ պարզ ասվեց, որ մենք չենք ուզում խժդժություններ լինեն և դրանից օգտվեն պատեհապաշտները, աթոռամոլները, արտաքին ուժերը: Ուստի սա վճռական, բայց լուրջ քայլի ավարտն է»,- ասաց Գևորգյանը:
Ըստ նրա` Տեր-Պետրոսյանի ելույթը չի նշանակում, որ եթե մինչև ամսի 28-ը իշխանությունները ոչինչ չանեն, ընդդիմությունն էլ ժողովրդին «բաց կթողնի» նրանց վրա:
«Ասվեց` եթե մինչև ամսի 28-ը քայլեր չանեն, մենք բազմաթիվ լուրջ քայլեր ունենք, որոնք հրաժարականի պահանջը հանգուցալուծման պետք է տանեն: Ես վստահ եմ, որ ծրագրված են լուրջ քայլեր, որոնց արդյունքը տեսնելու ենք բոլորս»,- նշեց նա:
Սամվել Գևորգյանի կարծիքով, իշխանությունների ներսում արդեն անվստահություն կա, և այլևս սկսվել է կազմաքանդման հերթական փուլը: