«Երեկվա հանրահավաքի նպատակը հետևյալն էր` իրավական ճանապարհով տանել նրան, որ քաղաքացին լավ ապրի, որպես քաղաքացի` ես գտնում եմ, որ սա ճիշտ է: Նախագահը վերջերս կատարած իր հայտարարությամբ կարգադրել է կառավարությանը զբաղվել մարդկանց հուզող հարցերով»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
Հակոբյանը դեռ չի ծանոթացել Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին, սակայն տեղեկանալով ՀԱԿ առաջնորդի երեք պահանջների մասին` ասաց, որ երկխոսության գործընթացը գնում է, մի քանի քաղբանտարկյալներ ազատ են արձակվել: Կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որ հասարակության մեջ ատելություն չսերմանվի: Սակայն Հակոբյանը համաձայն չէ, որ Հայաստանում կա երկու քաղաքական ուժ: Ըստ նրա` և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը բազմատարր են, երրորդ ուժ կստեղծվի, եթե հասարակությունը դրա պահանջն ունենա: