Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի դիտարկմամբ, Եվրոպայի խորհուրդը ճնշումներ է գործադրում Հայաստանի իշխանությունների նկատմամբ, եւ այս պահին քաղբանտարկյալների շուրջ իրավիճակը թեժանում է: Ըստ ՀԱԿ համակարգողի` ռեժիմը ստիպված է մինչեւ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանը մտածել քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին: Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց, որ առաջիկայում սպասվում է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի այցը Հայաստան, պաշտոնական այցով Հայաստան կժամանեն նաեւ համազեկուցողները: Ըստ Լեւոն Զուրաբյանին հասած տեղեկությունների` ռեժիմը փորձում է առեւտրի մեջ մտնել, թե որքան մարդու է պետք ազատել, որպեսզի խուսափեն սանկցիաներից: «Ամեն ինչ անելու են, որպեսզի գոնե մեկ-երկու հոգու պահեն բանտում: Եվ երկրորդ` ամեն ինչ անելու են, որպեսզի մարդկանց ազատ արձակեն ոչ թե Նոր տարուց առաջ, այլ հունվարին»,- հայտարարեց Լեւոն Զուրաբյանը: Եվ քանի որ ռեժիմը պատրաստ է դիմել նման ստոր քայլերի, Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ պետք է ուժեղացնել ճնշումը իշխանությունների նկատմամբ, որպեսզի կարողանան հասնել բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակմանը: Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց նաեւ, թե ինչպես փլուզվեց ռեժիմի կողմից ստեղծված միջազգային հանցավոր կառույցը: Ըստ ՀԱԿ համակարգողի` ԱՄՆ-ում եւ ՌԴ-ում բացահայտված հանցավոր խմբերի գործունեությունը միջազգայնորեն վարկաբեկել է ռեժիմը եւ շուտով կհանգեցնի նրա միջազգային մեկուսացմանը: