Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Նո՞ր են արդյոք «նոր իրողությունները»

«…Ամերիկան այժմ մոտեցել է պատմական այն սահմանագծին, երբ մեծ ժողովուրդը կանգնած է չգիտակցելու վտանգի առջև, թե ինչ կարող է անել և ինչն է նրա իշխանությունից դուրս: Այս հիվանդության պատճառները դեռևս ամբողջովին պարզաբանված չեն, բայց նրա կրկնությունը (ռեցիդիվը) պատմության արտահայտություններից մեկն է. ուժը հակում ունի նույնացնել իրեն առաքելության հետ: Մեծ ժողովուրդը տարօրինակ ձևով համարում է, որ իր ուժը աստվածային օրհնության արտահայտությունն է, որը նրա վրա է դրել մյուս ժողովուրդների ճակատագրի առանձնահատուկ պատասխանատվությունը, որի իմաստը նրանց ձևափոխումն է ըստ իր (տվյալ դեպքում՝ ամերիկյան) պատկերի և նմանության: Ուժը իրեն առաքինություն է համարում և հակում ունի կարծելու, որ ամեն ինչ կարող է: Մեկ անգամ արդեն ինքն իրեն ներշնչելով սեփական առաքելության գաղափարը, մեծ տերությունն ի վիճակի չէ հրաժարվելու այն մտքից, թե ինքը կարող է և պետք է կյանքի կոչի աստվածային կամքը:»

Հետպատերազմյան առաջին երկու տասնամյակների Ամերիկան բնութագրող Ուիլյամ Ֆուլբրայթի այս խոսքերը խիստ այժմեական հնչողություն ունեն՝ մի շոշափելի տարբերությամբ, որ ԱՄՆ ռազմավարական հաղթանակը «սառը պատերազմում» հանգեցրել է միաբևեռ գերիշխանության հաստատմանն աշխարհում, այն բանին, ինչի մասին երազելով՝ Հենրի Քիսինջերը գրում էր. «Քաղաքական բազմաբևեռությունը անհնարին է դարձնում ամերիկյան որոշումների իրականացումը»: Նրա ժամանակ էր, որ Միացյալ Նահանգներում քաղաքական միտքը վերանայեց բազմաբևեռության առկայությունն իբրև կայունության ու անվտանգության համեմատական երաշխիք դիտարկելու գաղափարը, և դրվեց այն նպատակային պայքարի հիմքը, որի արդյունքներն այսօր ակնհայտ են:

Այդ բազմաբևեռությունը, որի պայմաններում ռազմաքաղաքական ծանրության կենտրոնների քանակն ավելանում էր, պահպանելով, իհարկե, երկու գերտերությունների անվիճարկելի առաջնայնությունը, այլևս դիտվում էր իբրև անհարկի շռայլություն, քանզի այդ ռազմաքաղաքական կենտրոնները, ըստ ամերիկացիների, զուրկ էին որևէ էությունից ու բովանդակությունից: ԱՄՆ դիտարկվում էր որպես միակ գերհզոր երկիրը, որը ռազմական ուժի հետ միասին աշխարհի տարբեր շրջաններ էր ներմուծում նաև քաղաքակրթություն, անշուշտ՝ դրա ամերիկյան ըմբռնումով:

Ավելի ուշ, արդեն նախագահ Քարտերի իշխանության ժամանակ, ազգային անվտանգության գծով խորհրդական Զիգմունդ Բզեժինսկին վերջնականապես հստակեցրեց քաղաքական այդ վարդապետության էությունը` նշելով, թե. «Մենք մարտահրավեր ենք նետում սովետներին՝ կամ համագործակցել մեզ հետ, կամ վտանգել իր ունեցած պատմական նշանակությունը մեր ժամանակների մեծագույն խնդիրների լուծման հարցում: Ես կարծում եմ, որ խելամիտ կլինի ընդունել այն փաստը, որ մրցակցությունը շարունակվում է, և այդ պատճառով մենք պետք է շարունակենք մրցակցությունը»:

Ռազմավարական մրցակցությունն ավարտվեց 1991թ. ԽՍՀՄ փլուզումով, և նոր աշխարհակարգը, որի սաղմերը ձևավորվել էին դեռևս դարասկզբին և միս ու արյուն ստացել 60-ականներին, ամբողջ ուժով կյանքի է կոչվում աշխարհի ողջ տարածքի վրա:

Առանցքային պետք է համարել Լինդոն Ջոնսոնի վարչակարգում խորհրդականի պաշտոնը գրավող Ուոլթ Ռոսթոուի այն դրույթը, թե «ամերիկյան գաղափարախոսության պաշտպանությունը նախևառաջ միջոց է շատ ավելի ընդգրկուն խնդիր հանգուցալուծելու համար. այն է՝ ամերիկյան կենսակերպի պաշտպանությունը»: Դրանով իսկ նշված խոսքերի հեղինակը ԱՄՆ ազգային շահերի պաշտպանության գաղափարը դուրս էր բերում բուն ԱՄՆ տարածքներից և տարածում ողջ աշխարհի վրա:

Եթե հետպատերազմյան չորս տասնամյակներում Վաշինգտոնն իր դաշնակիցների հետ պայքարում էր կոմունիստական գերիշխանության տարածման դեմ, ապա այսօր խնդիրը շատ ավելի լայն շրջանակներ է ընդգրկում և հավակնում արմատական փոփոխությունների աշխարհի ժողովուրդների կյանքում: ԽՍՀՄ փլուզումից հետո թվում է, թե մնացել է վերջին վճռական քայլերն անել ամերիկյան ստանդարտներից դուրս գտնվող համակարգերի վրա անհրաժեշտ վերահսկողություն տարածելու ուղղությամբ, որը կապահովի «ազատ աշխարհի» դեմոկրատական գերիշխանությունը բոլոր շրջաններում: Ընդ որում, «ազատ աշխարհի» առանցքը եղել և մնում է ազգային, կրոնական ու այլ առանձնահատկություններն իր ներսում տարրալուծելու աննախադեպ ընդունակություններ ունեցող երկիրը՝ ԱՄՆ, բայց ոչ Արևմտյան ևրոպայի երկրները կամ Ճապոնիան, որոնք դեմոկրատական հասարակարգի բոլոր ձեռքբերումներով հանդերձ, եղել և մնում են ազգային պետություններ՝ իրենց մեջ կրելով պարբերական ազգայնական դրսևորումների վտանգը: «Նոր աշխարհակարգի» ճանապարհին հաղթահարելով ամենամեծ խոչընդոտը՝ միջուկային մահակով զինված սոցիալիստական համակարգը, ԱՄՆ ձեռնամուխ է եղել ավելի փոքր, բայցև ավելի կայուն միավորների դիմադրությունը հաղթահարելու խնդրին: Եկել է պահը խախտելու Ռիչարդ Նիքսոնի նախազգուշացումը, թե «ԱՄՆ համար խիստ վտանգավոր հետևանքներ կունենա այն դիրքորոշումը, ըստ որի յուրաքանչյուր երկրի ներքին խնդիրները Միացյալ Նահանգների մտահոգության առարկան են», և այժմեական է դառնում նույն նախագահի մեկ այլ տեսակետը. «Մեր նպատակը պետք է լինի բարոյական միասնականության ստեղծումը, որը թույլ կտա բազմակարծությամբ ապրող աշխարհը դարձնել ստեղծարար, կառուցող, ոչ թե ավերող ու կործանիչ»: Այսպիսով, ԱՄՆ քաղաքական միտքը նպատակ չունի սահմանափակելու, առավել ևս՝ ոչնչացնելու բազմակարծությունը իր միաբևեռ գերիշխանությամբ, այլ աշխարհի ժողովուրդներին պարտադրելու բազմակարծության այն տարբերակը և դրանից բխող վարքի կանոնների այն ձևը, որը համապատասխանում և ենթարկվում է ամերիկյան տեսակետին:

Նոր աշխարհակարգի այս տարբերակի վերջին իրական արգելքը արմատականությունն է՝ բառիս ամենալայն իմաստով. կրոնական, ազգային, մշակութային, քաղաքական և տնտեսական արմատականությունը: Այսինքն՝ յուրաքանչյուր ժողովրդի բնական և հավերժ ձգտումը իր ինքնադրսևորման ընթացքում հասնել այն առավելագույնին, ինչին ինքն ընդունակ է և այդ ընթացքում հնարավորին չափ հավատարիմ մնալ սեփական ինքնությանը, ավանույթներին, արմատներին:

Խախտո՞ւմ է արդյոք նման արմատականությունը կառուցողական բազմակարծության հիմքերը: Անշո՛ւշտ: Համաշխարհային պատմությունը բազմիցս ապացուցել է, որ ժողովուրդների արտահայտված ինքնադրսևորումն անխուսափելիորեն նեղացնում է նրանց հարևանների դրսևորման շրջանակները և բնական հակազդեցությունը, ուստի որպեսզի ժողովուրդների ինքնադրսևորումը չհանգեցնի ավանդական հետևանքներին՝ պատերազմներ, ազգայնական և կրոնական ընդվզումներ, տարածքային հակամարտություններ և այլն, այսինքն այն ամենին, ինչն անկառավարելի է դարձնում աշխարհն ու խախտում համակեցության հիմքերը, անհրաժեշտ է ինքնադրսևորման հնարավորությունները հասցնել նվազագույնի: Ամերիկյան բազմազգ, բազմակրոն և բազմաշերտ կաթսան արդեն իսկ ցույց է տվել ազատ ինքնադրսևորման պայմաններում էթնո-կրոնական ներդաշնակության օրինակը, ուր առանձին տհաճ միջադեպերը դիտարկվում են ավելի շուտ իբրև բացառություն, քան օրենք:

Բայց հնարավո՞ր է արդյոք մեկ երկրում գործող և էությամբ ոչ այնքան կատարյալ ներքին համակարգը կիրառել ողջ աշխարհի նկատմամբ: Հավանաբար, որոշ ուժեր դա հնարավոր էին համարում և այսօր էլ մնացել են նույն կարծիքին, եթե նոր աշխարհակարգը կառուցվում է նման ներդաշնակությանն ուղղված հիմունքների վրա: Այսպիսով, կան երկու սկզբունքային խոչընդոտ, որոնց հաղթահարումը աշխարհի ապագան կերտող քաղաքագետներին մոտեցնելու է իրենց բաղձալի նպատակին: Առաջինը՝ աշխարհում պետք է հաստատվի տնտեսական այն մեխանիզմը, որն առավելագույնս նպաստում է երկրների ու ժողովուրդների ինտեգրացիային, թուլացնում է մշակութային, հոգեբարոյական տարանջատման սահմանները և էթնո-կրոնական գիտակցությունը հասցնում նվազագույնի, այսինքն՝ ազատ շուկայական հարաբերությունները: Երկրորդ՝ կոտրել արմատականության ողնաշարն աշխարհում և հատկապես այն ժողովուրդների մոտ, որոնք նրա գաղափարական հիմքի ավանդական կրողներն են:

ԱՄՆ քաղաքական պրակտիկայում արդեն իսկ հարուստ փորձ է կուտակվել վերը նշված երկու խնդիրների հանգուցալուծման ուղղությամբ: Ամերիկյան տնտեսական համակարգի հաստատման և քաղաքական թելադրանքի առաջին թիրախը եղել է ողջ Ամերիկա մայրցամաքը՝ Կանադայից մինչև Չիլի: Երկու հարյուրամյակ տևած պայքարում հաջողվեց հաղթահարել լատինամերիկյան երկրների ձգտումը՝ ինքնուրույնաբար և այլընտրանքային ճանապարհով զարգացնելու տնտեսությունը՝ պահպանելով քաղաքական անկախությունը: Ամերիկան փակ մայրցամաք է, որի կարողությունները՝ աշխատուժը, բնական հարստությունները, հոգևոր և գիտական միտքը, ծառայեցվեցին երիտասարդ պետության՝ ԱՄՆ թռիչքային զարգացմանը, իսկ այդ երկրները ցայսօր էլ մնացել են հումքային կցորդի աստիճանին: Ինչ խոսք, նշված երկրները ևս ժամանակի ընթացքում որոշ առաջխաղացում են ապրել, բայց հասարակական, տնտեսական և քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում նրանք էապես զիջում են իրենց առաջնորդին, և առաջիկայում իրավիճակի որևէ արմատական փոփոխություն չի սպասվում:

Չի կարելի ասել, որ Լատինական Ամերիկայում սեփական պատկերացումներով նոր աշխարհակարգի հաստատման ընթացքը ԱՄՆին հաջողությամբ է տրվել, բայց հենց այստեղ է, որ ԱՄՆ կուտակեց գործունեության անհրաժեշտ փորձը, որն այժմ տարածում է աշխարհի վրա: Արդեն 1915 թ. ԱՄՆում հաստատակամորեն խոսում էին ամերիկյան վերահսկողությամբ նոր աշխարհակարգի հաստատման մասին, և առաջ էին քաշվում դրա պրակտիկ իրականացման առաջին ծրագրերը: Չպետք է մոռանալ, որ մշտական գործող միջազգային կառույցների միջոցով աշխարհը վերահսկելու գաղափարի հեղինակները ևս ամերիկացիներն են, և արդեն այն ժամանակ Ազգերի Լիգայի գաղափարի մեջ դրված էին ամերիկյան առաքելության, պատժիչ-վերահսկիչ միջազգային ռազմական ուժերի ստեղծման, անհնազանդ երկրների նկատմամբ ռազմատնտեսական և քաղաքական պատժամիջոցների կիրառման գաղափարները: ԱՄՆ միանձնյա գերիշխանությունը հաստատելու կոչված Վերսալյան պայմանագրի 14 կետերը ներկայացրած նախագահ Վիլսոնին անվանում էին ոչ այլ կերպ, քան «նոր առաքյալ»:

Սակայն դարասկզբի Ամերիկան դեռևս կարողություն չուներ հաղթահարելու Հին աշխարհի՝ ևրոպայի դիմադրությունը, և անհրաժեշտ էր անցնել երեք աշխարհամարտերի միջով (ներառյալ՝ «սառը պատերազմը»), որպեսզի հյուծված ևրոպայի, Ճապոնիայի և Ռուսաստանի վրա հառներ ամերիկյան գերիշխանությունը: Տարածքային և ազգամիջյան հակամարտությունների բորբոքման, վերահսկողության և «կարգավորման» փորձը ևս ձեռք է բերվել Լատինական Ամերիկայում, և ցայսօր շատերի համար անվրդով թվացող այդ տարածքում գոյություն ունեն շուրջ չորս տարածքային խնդիր, որոնք ցանկացած ժամանակ կարող են այն վերածել Միջին Արևելքի, Հարավսլավիայի կամ Անդրկովկասի:

Այսպիսով, ամերիկյան տարբերակով նոր աշխարհակարգի հաստատման գաղափարը հետևողականորեն հետապնդվել է ողջ 20-րդ դարի ընթացքում՝ քայլ առ քայլ մոտեցնելով այն իքս ժամը, որն այսօր վերջապես առկա է: Իրադարձությունների զարգացման ավանդույթներին և ներկա փուլի հնարավոր զարգացումներին կանդրադառնանք հաջորդ հոդվածներում, քանզի ներկայիս առաջին հայացքից մասնավոր թվացող խնդիրները (այդ թվում նաև՝ ԼՂՀ խնդիրը և Հայաստանի քաղաքական ապագան) ի վերջո հանգուցալուծում են գտնելու ռազմավարական ծրագրի ընդհանուր համատեքստում: Այն ժողովուրդները, որոնք կկարողանան ճիշտ կողմնորոշվել «նոր իրողություններում»՝ հնարավորություն կունենան դիմագրավել տեղատվության ալիքին, իսկ գուցեև՝ շահաբաժիններ կորզեն դրանից:

«Հայաստան-Միջին Արևելք» վերլուծական կենտրոն
Ազգ, 30.09.1992

 

Լուսանկարը՝  armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում