Կոտ դ’Իվուարի պաշտոնը անօրինական զբաղեցնող Լորան Գբագբոյին նախորդ օրը հաջողվել է կրկին վերահսկողություն հաստատել երկրի տնտեսական մայրաքաղաք Աբիջանի վրա: Վերջին օրերին նրա կողմնակիցները պարտություններ էին կրել ընտրված նախագահ Ալասանա Ուատտարային պաշտպանող ուժերի կողմից, սակայն երեկ անցնելով հարձակման` կրկին կարողացել են հաջողության հասնել: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը` հղում կատարելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալան լե Ռոյին:
Ըստ ՄԱԿ-ի պաշտոնյայի` դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Գբագբոյի նստավայրը գրավել ցանկացող Ուատտարայի կողմնակիցները միառժամանակ կորցրել են զգոնությունը` կարծելով, թե հաղթանակն արդեն իրականություն է: Լե Ռոյը նաև տեղեկացրել է, որ Գբագբոն ունի տանկեր և ծանր զինտեխնիկա, չնայած ֆրանսիական օդուժը օրեր շարունակ ռմբակոծել է դրանք:
Այս գիշեր ֆրանսիացիները կրկին ուղղաթիռներից հրթիռակոծել են Գբագբոյի նստավայրն այն բանից հետո, երբ վերջինիս կողմնակիցները հարձակվել են Ֆրանսիայի դեսպանի նստավայրի վրա:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: