Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նատելաշվիլին երկրի վարչպետ Բիձինա Իվանիշվիլիին և խորհրդարանական մեծամասնությանը կոչ է անում սկսել իմփիչմենթի գործընթաց, հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Նատելաշվիլին կուսակցության գրասենյակում անցկացրած համաժողովում ասել է, որ 2011թ. լեյբորիստները պաշտոնական փաստաթղթով արդեն դիմել են խորհրդարանի գործընթացային կոմիտե՝ իմփիչմենթի կարգով նախագահի հրաժարականի հարցով: Բացի այդ նա պահանջում է, որպեսզի խորհրդարանական մեծամասնությունը իմփիչմենթի գործընթացը սկսի փետրվարի 8-ից՝ նախագահի կարգավիճակում Միխեիլ Սաակաշվիլիի խորհրդարան կատարած վերջին այցի օրից, քանի որ դա խորհրդանշական կլինի:
«Արդեն ոչ մեկը չի կասկածում, որ վարչապետը հրաժարվել է իր նախընտրական խոստումներից»,- ասել է նա և վարչապետին ու խորհրդարանական մեծամասնությանը կոչ արել վաղը սկսել իմփիչմենթի գործընթացը:
Նա կարծում է, որ Սաակաշվիլիի հրաժարականն իմփիչմենթի կարգով սխալ չի հասկացվի Արևմուտքում, քանի որ նրանք ավելի պակաս չէին սիրում նաև Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին, որն այժմ գտնվում է բանտում:
Նատելաշվիլին նշել է, որ չի փոխել իր կարծիքը և նախկինի պես համարում է, որ Սաակաշվիլիի և Իվանիշվիլիի միջև գործարք է կնքվել:










































