Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Վրաստանի ընդդիմադիր «ութնյակը» հանդիպում է ունեցել Վրաստանում ԵՄ-ի դեսպան Ֆիլիպ Դիմիտրովի հետ: Հանդիպման ավարտից հետո ընդդիմադիր «ութնյակի» ներկայացուցիչ, «Հանրապետական» կուսակցության առաջնորդ Դավիդ Ուսուպաշվիլին հայտարարել է, որ հանդիպման ժամանակ ԵՄ դեսպանը տեղեկացվել է ընտրական թեմայի շուրջ վրացական ընդդիմադիրների ու իշխանությունների միջև կայացած բանակցությունների մասին.
«Այսօր մենք ԵՄ-ի դեսպանին ծանուցեցինք տվյալ խնդրի շուրջ ընդդիմադիր «ութնյակի» առաջարկների մասին, որոնց վրացական իշխանությունները պատասխանում են լռությամբ, քանի որ որևէ պատասխան չունեն այդ կապակցությամբ: Մենք շարունակելու ենք այս գործընթացը և այն հասցնելու ենք իր տրամաբանական ավարտին:
Վրացական իշխանություններն անելանելի դրության մեջ են: Նրանք ստիպված են լուրջ քննարկումներ ձեռնարկել և մեզ հետ նստել բանակցային սեղանի շուրջ»:
Հիշեցնենք, որ վրացական ընդդիմադիր «ութնյակում» ներառված են հետևյալ ընդդիմադիր կուսակցությունները. «Ազգային ֆորում», «Նոր աջեր», «Վրաստանի ուղի», «Քրիստոնյա-դեմոկրատական շարժում», «Մեր Վրաստան – Ազատ դեմոկրատներ», «Պահպանողական», «Հանրապետական» և «Ժողովրդական»: