Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է Սենատին` հորդորելով մինչեւ տարեվերջ վավերացնել Ռուսաստանի հետ ռազմավարական սպառազինությունների կրճատման նոր համաձայնագիրը եւ այն կարեւոր համարելով Ամերիկայի ազգային անվտանգության համար:
Ըստ ռադիոկայանի` Կոնգրեսի ընտրություններից հետո դեմոկրատական մեծամասնությունը Սենատում որոշակիորեն կրճատվել է, սակայն մինչեւ տարեվերջ փաստաթուղթը, որն այս տարվա ապրիլին ստորագրել են ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահները, կարող է վավերացնել նաեւ Սենատի ներկայիս կազմը: