Բրիտանիայի արքայազն Հարին չի կարողանում լքել ռուսական գիտական-զբոսաշրջային «Բարնեո» ճամբարը, որը գտնվում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի դեգերող սառույցներից մեկի վրա, քանի որ թռիչքուղու վրա առաջացել է ճեղքվածք: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Դեգերող սառույցի թռիչքուղու վրա առաջացած ճեղքվածքն ունի մոտ մեկ մետր լայնություն, ուստի ԱՆ-24 ինքնաթիռը, որը պետք է արքայազնին տեղափոխեր Շպիցբերգեն, չի կարողացել վայրէջք կատարել: Ինժեներները փորձում են շտապ վերանորոգել թռիչքուղին, որպեսզի արքայազնը կարողանա ժամանակին վերադառնալ Մեծ Բրիտանիայում իր զորամաս:
Տեղեկացնենք, որ արքայազնը «Բարնեո» է ժամանել Հյուսիսային բևեռ արշավ կազմակերպած խմբի հետ, որի կազմում են բրիտանացի հաշմանդամ զինվորականներ, որոնք վնասվածքներ են ստացել Աֆղանստանի պատերազմի ժամանակ: Այս արշավը սկսվել է ապրիլի 1-ին, և Հարին ընդամենը մի քանի օր ուներ, որից հետո անհապաղ պետք է վերադառնար իր զորամաս: