Լուրեր
Րաֆֆին և Տեր-Պետրոսյանը դավաճանեցին Ծառուկյանին. «Անտինոմիա +»
  • 22:00
  • 2015-03-05
  • Դիտումներ՝ *

«Առաջին լրատվական»-ի «Անտինոմիա+» հաղորդաշարի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

-Այսօր տեղի ունեցավ ԲՀԿ արտահերթ համագումարը, որի ընթացքում Գագիկ Ծառուկյանը ոչ միայն հայտարարեց կուսակցությունից հեռանալու, այլև առհասարակ ԲՀԿ-ի հետ կապ չունենալու մասին: Ավելին, նա հորդորեց այսուհետ իրեն որևէ քաղաքական հարցով չանհանգստացնել: Դուք մինչև վերջերս պնդում էիք, որ Գագիկ Ծառուկյանի հետքայլը ժամանակավոր բնույթ է կրում, և որոշ ժամանակ անց իրերը կվերադառնան մինչև փետրվարի 12-ն ընկած ժամանակահատվածին: Հիմա, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունից իր հեռանալու մասին, դարձյալ շարունակո՞ւմ եք նման հույսեր ունենալ:

 Անկեղծ ասած՝ այո, որովհետև ես համարում եմ, որ ցանկացած հայտարարություն, որ արվում է, անպայման դրան նախորդել են որոշակի գործընթացներ, որոնք հանգեցրել են նման հայտարարության: Բազում դեպքեր կան Հայաստանի ներքաղաքական կյանքում և թե ընդհանրապես, երբ հայտարարվում է ինչ-որ բան, բայց տեղի են ունենում գործընթացներ, որոնցում մարդը ստիպված է լինում վերանայել իր հայտարարությունը: Օրինակ՝ ես չեմ պատկերացնում, որ Հայաստանի քաղաքական, գործարար կյանքում նման դերակատարություն ունեցող մարդը, երբ վաղը Հայաստանում սկսվեն պրոցեսներ, որտեղ իր անհրաժեշտությունը լինի, նա հրաժարվելու է դրանից: Ճիշտ է, ես ընդունում եմ, որ նա խնդրեց առժամանակ քաղաքական խնդիրներով իրեն չանհանգստացնել, բայց ես չեմ կարծում, թե դա ընդհանրապես է ասված:

Նա ասել է ՝ ինձ այլևս քաղաքական հարցերով չդիմել: Չի նշել՝ առժամանակ չդիմել:

 Չեմ կարծում, որ բառերն այս պարագայում մեծ նշանակություն ունեն: Քաղաքական կյանքում հնարավոր են իրավիճակներ, որտեղ հանգուցալուծում հնարավոր կլինի իր անմիջական միջամտությամբ:

Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ Գագիկ Ծառուկյանը անգամ չպահպանեց ԲՀԿ-ի պատվավոր նախագահի կարգավիճակը:

 Այս մեկ տարվա ընթացքում ոչ միայն ակտիվորեն մասնակցել եմ այդ գործընթացներին, այլև բազմիցս հանդիպել եմ Գագիկ Ծառուկյանին և տարբեր թեմաների շուրջ ունեցել ենք բավական լուրջ քննարկումներ: Բայց այն, ինչ տեղի ունեցավ փետրվարի 12-ից հետո, երբ ՀՀԿ նիստում նախագահն արեց հայտարարություններ, որոնք չեն տեղավորովում ո́չ ՀՀ Սահմանադրության, ո́չ էլ օրենքների շրջանակում, ստեղծվեց նոր իրավիճակ, որտեղ յուրաքանչյուրն անպայման իր մասնակցությունը պետք է ունենար` թե́ Եռյակը, թե́ հասարակությունը, թե́ հասարակական կազմակերպությունները: Բայց, ի զարմանաս ինձ, տեղի ունեցավ հետևյալը՝ փետրվարի 12-ից հետո որևէ մեկից ուղղակի աջակցություն պարոն Ծառուկյանին, որ պարտավոր էր հայտնել, տեղի չունեցավ: Ճիշտ է՝ եղան խորհրդակցություններ, հանդիպում Եռյակի շրջանակներում, որտեղ բավական ծանր ընդունվեց փետրվարի 20-ին հանրահավաքի մասին վերաբերյալ որոշումները:

Այսինքն՝ Եռյակի ուժե՞րն էին դեմ այդ հանրահավաքին, թե՞ Ծառուկյանն էր դեմ:

 Ես չեմ ուզում շատ խնդիրների վերաբերյալ փակագծերը բացել, բայց շատ դժվար է ընդունվել այդ որոշումը: Հետո՝ ամսի 17-ի Լևոն Տեր-Պետրոսյանի գրած հայտնի նամակը, որն, ըստ էության, իրեն փորձեց տարանջատել ամսի 20-ին տեղի ունենալիք գործընթացների հետագա պատասխանատուի կարգավիճակից: Ինչու չէ՝ նաև «Ժառանգության», որի առաջին դեմքը պարտավոր էր ամեն օր մասնակցել որոշակի խորհրդակցությունների:

Լևոն Տեր-Պետրոսյանի նամակի հետ կապված եղավ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որ նա չի պատրաստվում գնալ արյունահեղության, և դրանից հետո միայն հրապարակվեց Լևոն Տեր-Պետրոսյանի նամակը Սերժ Սարգսյանին:

 Ես կարծում եմ, որ այստեղ ժամանակագրությունը ճիշտ չի ներկայացվում հասարակությանը: Ես չեմ կարծում, որ այդ նամակը հենց այդ օրը հրապարակվել է: Կարծում եմ, որ այն ավելի շուտ է հայտնվել թե́ Բաղրամյան 26-ում, թե́ այլ տեղերում, որովհետև մարդիկ իմացել են այդ նամակի գոյության մասին: Սա շատ լուրջ հարված էր: Երկրորդ՝ որոշակի քննարկումներ են եղել, որոնց ես ինքս մասնակցել եմ: Ըստ էության, իշխանությունները սլաքը հստակ ուղղեցին պարոն Ծառուկյանի վրա: Եռյակը, ըստ էության, ևս սլաքն ուղղեց պարոն Ծառուկյանի վրա:

  • Դիտումներ՝ *