Պարենի համաշխարհային գների ինդեքսը, որը հաշվարկվում է ՄԱԿ-ի պարենային և գյուղատնտեսական կազմակերպության (ՊԳԿ) կողմից, անկում է ապրել 2,9%-ով, ինչը համարվում է զգալի նվազում 2011թ. փետրվարին արձանագրված պատմական առավելագույն գնից: Այդ ինդեքսն այս պահին կազմում է 229.8: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Վերջին 8 ամիսների ընթացքում պարենային գների ինդեքսն առաջին անգամ է անկում ապրում:
Սակայն ՊԳԿ-ն նշում է, թե դեռ վաղ է խոսել այն մասին, որ շուկաներում լուրջ շրջադարձ է տեղի ունեցել, և հիմա գները կայուն անկում են ապրելու: Օրինակ` նույն կազմակերպության ներկայացուցիչները նշում են, որ մարտին աճել են մսի և կաթնեղենի գները, իսկ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող զարգացումները անկայուն են դարձրել ցորենի գները:
Bloomberg գործակալությունը նշում է, որ կարճ ժամանակ անց պարենային գները կարող են նորից աճել և հասնել առավելագույնին: ՊԳԿ-ն նշում է, որ նվազել են կարագի, շաքարավազի և բրնձի գները: Ցորենի գինը Չիկագոյի բորսայում նվազել է 6.6%-ով, իսկ եգիպտացորենինը` 5.2%-ով: