Ռուսաստանի «Միացյալ քաղաքացիական ճակատի» Օրյոլի մասնաճյուղի ղեկավար Գեորգի Սարկիսյանին կանչել են Քննչական կոմիտե` Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության կողմից ընդդիմադիրի դեմ քրեական գործ հարուցելու դիմումի համաձայն:
Ինչպես հաղորդում է Каспаров.ру կայքը, նրան մեղադրում են Livejournal-ի իր բլոգում Պուտինին վիրավորող պաստառ պատկերող նկար հրապարակելու համար, որը նա վերցրել է մեկ այլ էջից:
ԱԴԾ դիմումի մեջ կցված է նաև Օրյոլի պետական համալսարանի դեկաններից մեկի եզրակացությունը, որտեղ նշված է, որ այն բառը, որը պատկերված է նկարի վրա, հայհոյանք է:
Սարկիսյանը քննիչին հայտնել է, որ իր բլոգում այդ նկարն այլևս չկա, քանի որ այն ջնջվել է այն կայքից, որտեղից Սարկիսյանը կրկնօրինակել էր իր բլոգում: Բացի այդ, ռուս ընդդիմադիրը հավելել է, որ ինքն այդ նկարի սկզբնաղբյուրը չէ:
Սարկիսյանը նաև նշել է, որ Կոմիում նույնաբովանդակ հրապարակման համար 2009թ.-ին քրեական գործ էր հարուցվել բլոգեր Պավել Սաֆրոնովի դեմ, սակայն 2010թ.-ին այդ գործը փակվեց` հանցակազմի բացակայության պատճառով: