Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Սպանեցիր, ա՛յ ոչխար». 2 անասնապահ նույն կնոջ՝ Աղունի համար հարբած որոշել են սպանել իրար

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Գևորգ Պողոսյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ:

Վերաքննիչ դատարանում Գևորգ Պողոսյանը մենակ նստեց ամբաստանյալի աթոռին: Բայց գործով ամբաստանյալները երկուսն են:

Սպարտակ Սարգսյանն ընդհանուր իրավասության դատարանում որպես երկրորդ ամբաստանյալ նստած է եղել Գևորգի կողքին: Սպարտակը վերաքննիչ բողոք չի բերել, դրա համար էլ նրա մասով դատավճիռն ուժի մեջ է մտել, նա արդեն դատապարտյալ է:

Սպարտակը նաև տուժող է, որովհետև հենց նա է, ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտի համաձայն, հանդիսացել այն անձնավորությունը, ում նկատմամբ դեպքի օրը Գևորգ Պողոսյանը սպանության փորձ է կատարել:

45-ամյա Գևորգին ու 48-ամյա Սպարտակին ոչ միայն դեպքի օրվա իրադարձություններն ու ամբաստանյալի աթոռն են միավորել: Ոչ միայն գործն է ընդհանուր եղել նրանց համար՝ երկուսն էլ զբաղվել են անասնապահությամբ:

Կողք կողքի նստելուց և նույն գործունեությամբ զբաղվելուց բացի՝ Սպարտակն ու Գևորգը հենց այս հաջորդականությամբ գտնվել են նույն կնոջ կողքին՝ եղել են նույն կնոջ ամուսինը:

Ըստ դատական ակտի՝ Սպարտակը Աղունի (անունը փոխված է) հետ ամուսնական կյանքով ապրել է 14 տարի: Հետո մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի՝ ընտանիքի համար ավելի լավ վաստակ ունենալու համար:

Բայց Աղունը Սպարտակին երկար չի սպասել:

Սպարտակի բացակայությամբ նա 2010 թվականին ամուսնալուծվել է և ամուսնացել է նույն գյուղի բնակիչ, նույնպես անասնապահ Գևորգի հետ:

Աղունը որպես ամուսին ընտրել է մտավոր նույն կարողությունների տեր մարդկանց. հետագայում՝ այս դեպքի կապակցությամբ, անցկացված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ ինչպես Սպարտակի, այնպես էլ Գևորգի մոտ հայտնաբերվել է համապատասխան թերզարգացման նույն աստիճանը:

2011 թվականին Սպարտակը Ռուսաստանից վերադարձել է հայրենի գյուղ ու կանգնել է փաստի առաջ՝ Աղունն արդեն Գևորգի կինն էր:

Ահա թե ինչու Սպարտակի ու Գևորգի «ջուրը նույն առվով» չի հոսել, մինչև այս դեպքը նրանց միջև էլի են եղել վիճաբանություններ՝ խանդի ու թշնամանքի հողի վրա:

Ընդհանուր իրավասության դատարանը երկու ամբաստանյալների մեղքը հաստատող ապացույց է դիտել գործով երկրորդ տուժող, Գևորգ Պողոսյանի գործընկեր Էդիկ Սիմոնյանի ցուցմունքը, որով հնարավոր է պատկերացում կազմել դեպքի պահին ծավալված իրադարձությունների վերաբերյալ:

Ըստ Էդիկ Սիմոնյանի՝ ինքն ու Գևորգ Պողոսյանը գյուղում գործող անասնապահական համալիրում աշխատել են որպես անասնապահներ:

Դեպքի օրը՝ 2013 թվականի դեկտեմբերի 23-ին, ժամը 20-ի սահմաններում անասնապահական համալիր է գնացել Սպարտակ Սարգսյանն ու ասել է, թե իրեն ռետինե խողովակ է պետք:
Քիչ անց Գևորգ Պողոսյանը Էդիկին ու Սպարտակին հրավիրել է իր տնակ՝ հաց ուտելու:

Երեքով երկու շիշ օղի են խմել:

Ժամը 21-ն անց 30-ի սահմաններում Էդիկի և Սպարտակի միջև վիճաբանություն է ծագել: Էդիկը նախատել է Սպարտակին՝ հաճախակի անասնապահական համալիր այցելելու համար՝ նկատի ունենալով Աղունի պատճառով Գևորգի ու Սպարտակի տարաձայնությունները:

Էդիկն ու Սպարտակը տնակում քաշքշել են միմյանց, ապա դուրս են եկել տնակի բակ, որտեղ Էդիկը հրել է Սպարտակին ու պահանջել է, որ նա հեռանա:

Սպարտակը մեկ անգամ հարվածել է Գևորգին, մտել է տնակ, դուրս է եկել կենցաղային օգտագործման դանակը ձեռքին ու դրանով մի հարված է հասցրել Էդիկի որովայնին:

Էդիկը բռնել է Սպարտակի ձեռքերից, Գևորգին ասել է, որ նա խլի դանակը:

Այդ ընթացքում Էդիկն ու Սպարտակը գետնին են ընկել: Սպարտակն ընկել է Էդիկի վրա:

Գևորգն իր հերթին վերցրել ինքնաշեն կացինը՝ ցաքատը, մոտեցել է ու, ըստ դատական ակտի՝ խանդի հողի վրա, ցաքատով մի քանի հարված է հասցրել Սպարտակի գլխին ու մարմնին:

Էդիկը գետնից վեր է կացել:

Սպարտակի վրա արյուն տեսնելով՝ վիրավոր Էդիկը զայրացել է ցաքատով դեռ հարվածներ հասցնող Գևորգի վրա, հայհոյել է՝ ասելով. «Հերիք ա խփես, սպանեցիր, ա՛յ ոչխար»:

Էդիկը մի կողմ է հրել Գևորգին, բայց տաքացած Գևորգը փորձել է չենթարկվել, ասել է. «Թող սպանեմ»:

Էդիկը գրկել է Գևորգին, մի կողմ է տարել:

Էդիկ Սիմոնյանը գործի քննության ժամանակ ասել է, որ եթե ինքը Գևորգին չգրկեր ու մի կողմ չտաներ, Սպարտակը ողջ չէր մնա:

Տուժող Էդիկ Սիմոնյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար մեղադրվող Սպարտակ Սարգսյանն իրեն մեղավոր է ճանաչել:

Նա հայտնել է, թե ապրել է գյուղի կաթսայատանը: Նախկինում ինքն էլ է աշխատել անասնապահական համալիրում՝ որպես անասնապահ:

Դեպքից առաջ Գևորգ Պողոսյանի հետ մի քանի անգամ վիճաբանել է՝ նախկին կնոջ՝ Աղունի հարցով:

Դեպքի օրը Գևորգի տնակում Էդիկի հետ հաց են կերել, օղի են խմել:
Կենցաղային հարցերի շուրջ ինքը վիճել է Էդիկի հետ: Տնակում Էդիկը քաշքշել է իր շորերից, իսկ տնակի բակում բռունցքով խփել է իր կրծքին:

Ինքը բարկացել է, մտել է տնակ, վերցրել դանակը, դուրս է եկել ու մեկ անգամ դանակով խփել է Էդիկի որովայնին:

Այդ ժամանակ Գևորգը, իր նկատմամբ խանդի զգացում ունենալով, ցաքատով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր գլխին, դեմքին, կրծքավանդակին, պատճառել է ծանր վնասվածքներ:

Գևորգ Պողոսյանը մեղադրվել է ծանր հանցագործության՝ սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Նախաքննական մարմինը, այնուհետև ընդհանուր իրավասության դատարանը եկել են եզրակացության, որ նա իր վաղեմի ախոյան Սպարտակին ցաքատով հարվածներ է հասցրել ու ծանր վնաս պատճառել նրա առողջությանը՝ հենց սպանելու ուղղակի դիտովորությամբ: Իսկ սպանությունը մինչև վերջ չի հասցրել Էդիկ Սիմոնյանի միջամտության շնորհիվ:

Գևորգն իրեն մեղավոր չի ճանաչել սպանության փորձի համար: Նա ընդունել է, որ Սպարտակի հետ թշնամական հարաբերությունների մեջ է եղել կնոջ պատճառով:

Ըստ Գևորգի՝ Սպարտակը իրենց վիճաբանությունների ժամանակ բազմիցս սպառնացել է, թե կմորթի, կսպանի իրեն ու Աղունին:

Գևորգն ասել է, թե ցաքատով Սպարտակին հասցվող հարվածները դադարեցրել է՝ Էդիկի նախազգուշացումը լսելով ու ձյան վրա արյան հետքեր տեսնելով: Նա հայտնել է, թե ինքը Էդիկին օգնել է, որ վիրավոր Սպարտակին տնակ տեղափոխեն:

Սպարտակ Սարգսյանի կյանքը փրկվել է՝ անհապաղ հիվանդանոց տեղափոխելու և բժշկական օգնություն ցուցաբերելու շնորհիվ:

Որպես կասկածյալ հարցաքննության ժամանակ Գևորգն ասել է, թե մի քանի անգամ կասկածել է, թե հնարավոր է՝ Սպարտակը ցանկություն ունի հանդիպելու նախկին կնոջ՝ իր ներկա կին Աղունի հետ: Դրանից ինքն այնքան է վրդովված եղել, որ ցանկացել է խփել Սպարտակին՝ մինչև տեսնի, որ նա կենդանի չէ:

Դատական քննության ժամանակ Գևորգը պնդել է, թե Սպարտակին սպանելու դիտավորություն չի ունեցել, նախաքննության ժամանակ չի հասկացել, թե ինչ է ասում:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Սպարտակ Սարգսյանի ստացած վնասվածքներն են եղել՝ կրծքավանդակի աջ կեսի՝ թափանցող, ձախ կեսի՝ չթափանցող, գլխի կողմնային ու քունքային շրջանների, կզակային շրջանի, աջ այտային շրջանի վնասվածքները, աջից այտոսկրի բաց կոտրվածքը, աջ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքը, հինգերորդ կողոսկրի կոտրվածքը, աջակողմյան պնևմոթորաքսը և այլն:

Էդիկ Սիմոնյանի ստացած վնասվածքն է՝ ձախ զստափոսային շրջանի թափանցող ծակած-կտրած վերքը՝ սիգմայաձև աղու միջընդերքի վնասումով, ներորովայնային արյունահոսությունը:

Դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննության եզրակացությամբ՝ Գևորգ Պողոսյանի ու Սպարտակ Սարգսյանի մոտ ի հայտ բերված մտավոր խնդիրը այն աստիճանի չէր, որ խանգարեր նրանց՝ հաշիվ տալու իրենց կատարած գործողությունների համար, գիտակցելու դրանց վտանգավորությունը և ղեկավարելու դրանք:

Երկուսն էլ ճանաչվել են մեղսունակ:

Քանի որ հանցավոր արարքները կատարել են ալկոհոլի ազդեցության տակ՝ ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում գտնվելու հարցը մասնագետները չեն դիտարկել: Բացի այդ՝ ամբաստանյալների գործողություններում ի հայտ չի բերվել ֆիզիոլոգիական աֆեկտին բնորոշ եռափուլային ընթացքը:

Հանցավոր արարքների կատարման պահին, ըստ մասնագիտական եզրակացության, ամբաստանյալները գտնվել են հուզական լարվածության, ֆրուստրացիայի, խանդի և շփոթվածության վիճակում, ինչը էապես ազդել է նրանց գիտակցության ու վարքի վրա:

Հանցավոր արարքները ալկոհոլի ազդեցության տակ կատարելը դատարանը հաշվի է առել որպես ամբաստանյալների պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք:

Ընդհանուր իրավասության դատարանը Սպարտակ Սարգսյանին մեղավոր է ճանաչել Էդիկ Սիմոնյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 3 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2014 թվականի հունվարի 9-ից:

Գևորգ Պողոսյանը մեղավոր է ճանաչվել Սպարտակ Սարգսյանին սպանելու փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 8 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի դեկտեմբերի 24-ից:

Վերաքննիչ բողոք էր բերել միայն Գևորգ Պողոսյանի շահերի պաշտպանը՝ միջնորդելով սպանության փորձի մեղադրանքով կարճել գործի վարույթը, իսկ Գևորգ Պողոսյանի արարքը վերաորակել, նրան մեղավոր ճանաչել դիտավորությամբ Սպարտակի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտել 2 տարի ազատազրկման ապա պայմանական դատապարտություն կիրառել ու սահմանել մեկ տարի փորձաշրջան:

Գևորգ Պողոսյանը վերաքննիչ քրեական դատարանի դահլիճ մտավ թեթև ժպիտով: Նա բարևեց ներկաներին, հարցրեց իր պաշտպանի, ապա մեղադրողի որպիսությունը, իր որպիսության մասին էլ ասաց՝ է՜հ:

Հիմնավորելով իր բերած վերաքննիչ բողոքը՝ Գևորգ Պողոսյանի շահերի պաշտպանն ասաց, թե դատական քննության արդյունքում չի հաստատվել սպանության փորձի մեղադրանքը, դատարանը սխալ է կիրառել քրեական օրենքը:

Գևորգը Սպարտակին սպանելու դիտավորություն չի ունեցել: Նա ձյան վրա արյան հետքեր տեսնելով ու Էդիկի զգուշացումը լսելով՝ էլ չի հարվածել, ավելին՝ օգնել է, որ Սպարտակին տնակ տանեն, մինչև անգամ ինքն էլ է մաքրել նրա վերքերի արյունը:

Պաշտպանը կասկածի տակ դրեց դատահոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննությունների եզրակացությունները, քանի որ դրանցում երկու ամբաստանյալների վերաբերյալ նույն բաներն են ասված, ըստ պաշտպանի՝ «քոփի-փաստ» է արված:

Ահա թե ինչու պաշտպանն ընդհանուր իրավասության դատարանում միջնորդել է կրկնակի փորձաքննություն նշանակել, բայց դատարանը մերժել է միջնորդությունը: Պաշտպանը մտադիր է նույն միջնորդությունը նաև վերաքննիչ դատարանում անել:

Պաշտպանի կարծիքով՝ փորձաքննության մեջ նշվածը՝ թե հանցավոր արարքի կատարման ժամանակ Գևորգ Պողոսյանը գտնվել է «ֆրուստրացիայի» վիճակում, արդեն խոսում է հոգեկան խանգարման մասին, պաշտպանի իմացությամբ՝ «ֆրուստրացիան» հոգեկան հիվանդության տեսակ է…

Դատարանի եզրակացությունը, թե Գևորգ Պողոսյանը, ժխտելով սպանելու դիտավորությունը, ցանկանում է խուսափել քրեական պատասխանատվությունից, պաշտպանը սխալ համարեց: Ըստ պաշտպանի՝ Գևորգ Պողոսյանն այդքան երևակայություն չունի, մասնագետներն իրենք են եզրակացրել, որ նա «ֆանտազյորություն» չի ցուցաբերել…

Պաշտպանը նշեց, թե Գևորգ Պողոսյանը ցակատի հարվածներով միգուցե փրկել է հենց Էդիկ Սիմոնյանի կյանքը, եթե Գևորգը Սպարտակին չհարվածեր, հնարավոր է, որ Սպարտակը շարունակեր դանակով խփել Էդիկին:

Այն, որ Գևորգը Սպարտակին սպանելու դիտավորություն չի ունեցել, ըստ պաշտպանի, հիմնավորվում է նաև նրանով, որ Գևորգի ձեռքից ոչ ոք ցակատը չի խլել, ցանկության դեպքում նա կարող էր շարունակել հարվածներ հասցնել Սպարտակին, բայց չի շարունակել:

Գևորգը, ըստ պաշտպանի, ոչ թե հավատացել է Էդիկ Սիմոնյանի խոսքին, թե՝ «Հերիք ա խփես, սպանեցիր», այլ այդ խոսքերից սթափվել է, արյան հետքերն էլ ձյան վրա տեսնելով՝ վախեցել է, ու ինքնակամ դադարեցրել է ցակատով հարվածներ հասցնելը:

Պաշտպանը իր բողոքում մի քիչ շփոթ էր առաջացրել՝ խնդրելով կարճել գործի վարույթը և վերաորակել Պողոսյանի արարքը: Դատարանում պաշտպանը պնդեց, որ Գևորգ Պողոսյանի արարքը վերաորակվի:

Բողոքի մեջ պաշտպանը միջնորդել էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով մեղավոր ճանաչել Գևորգին ու դատապարտել 2 տարի ազատազրկման:

Վերաքննիչ դատարանում նախագահողը հիշեցրեց, որ 112 հոդվածի 1-ին մասով նախատեսված պատիժները սկսվում են 3 տարի ազատազրկումից:

Պաշտպանը միջնորդեց վերաորակել իր պաշտպանյալի արարքը, նշանակել նվազագույն պատիժ ու կիրառել պայմանական դատապարտություն:

Գևորգն ասաց, թե ինքն ինքնաշեն կացնով՝ ցակատով հարվածելով Սպարտակի գլխին ու մարմնին՝ միայն նրան «ցավացնելու» ցանկություն է ունեցել, չի խփել, որ նա մահանա:

Նախագահողը հարցրեց՝ ինչպե՞ս է որոշել ցակատով հարվածի ուժգնությունը, որպեսզի «նրբորեն ցավացնի», հանկարծ չսպանի:
Գևորգ Պողոսյանը պատասխանեց. «Ես հետ չեմ կայնում իմ արածից, խմած եմ էղել, չեմ զգացել, բայց սպանելու մտքով չեմ խփել»:

Մեղադրող դատախազն առարկեց բերված բողոքի դեմ: Ասաց, թե ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը հիմնավոր է և օրինական, Գևորգ Պողոսյանի արարքը ճիշտ է որակված, նշանակված է համաչափ պատիժ:

Մեղադրողն ասաց, թե երկու ամբաստանյալները խնդիրներ են ունեցել նույն կնոջ հետ կենակցելու հարցի շուրջ: Եթե Էդիկ Սիմոնյանը չգրկեր ու չհեռացներ Գևորգ Պողոսյանին, նա կշարունակեր ցակատով հարվածել Սպարտակին ու կսպաներ նրան: Էդիկ Սիմոնյանի բացականչությանը՝ մի խփի, սպանեցիր, Գևորգը պատասխանել է՝ թող սպանեմ, ինչը, ըստ մեղադրողի, հենց Պողոսյանի բառերով ցույց է տալիս նրա իրական դիտավորությունը:

Դատական նիստը վերաքննիչ դատարանում հետաձգվեց, քանի որ պաշտպանը հայտարարեց, թե միջնորդություններ պիտի կատարի, մասնավորապես՝ կրկնակի դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու կամ գոնե փորձագետներին դատարան հրավիրելու և նրանց պարզաբանումները լսելու վերաբերյալ:

Պաշտպանն իր միջնորդությունները կանի հաջորդ դատական նիստին՝ մարտի 4-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում