ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսասատանի նախկին ներկայացուցիչ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ աստրախանյան եռակողմ (Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ) հանդիպումը կարգավորման գործընթացը վերադարձրել է բանակցությունների հուն: «Միայն այդքանն անգամ բավարար կլիներ արդարացնելու համար Աստրախանում նման հանդիպում անցկացնելու խելամտությունը»,-նշեց Կազիմիրովը: Նրա խոսքով, շատերը, այդ թվում նաեւ ինքը, կցանկանային հուսալ, որ կիրակականա այն, ինչ այդ հանդիպումից հետո ասվել է Մեդվեդեւի կողմից, որ այս մեկ ամսվա ընթացքում եթե կողմերը աշխատեն, աշխատեն ԱԳ նախարարները, ապա գուցե հնարավոր լինի ինչ-որ փաստաթուղթ ներկայացնել ստորագրման: «Բայց կա այսպիսի ռուսական ձեւակերպում. «Ես մեծ սիրով կսխալվեի իմ հոռետեսության մեջ, թող կյանքն ինձ հերքի»: Ես այնքան էլ չեմ հավատում դրան եւ ուրախ կլինեի, եթե սխալվեի այդ հարցում»,- նշեց Կազիմիրովը` հավելելով, որ իր հոռետեսության պատճառն այն է, որ կողմերի դիրքորոշումները մի շարք հարցերում, ընդ որում` սկզբունքային հարցերում, շարունակում են տարբեր մնալ: