Բրիտանացի գրող Հիլարի Մանթելի «Ներս բերեք մարմինները» (Bring Up the Bodies) պատմավեպը դարձել է Costa գրականության մրցանակաբաշխության դափնեկիր «Տարվա գիրք» անվանակարգում,- հաղորդում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ Մանթելը վեպի համար ստացել էր բրիտանական «Բուքեր» մրցանակը` դառնալով առաջին կին գրողը և Մեծ Բրիտանիայի առաջին ներկայացուցիչը, որը կարողացել է երկու անգամ նվաճել գրականության այս մրցանակը:
«Ներս բերեք մարմինները» պատմական եռերգության երկրորդ մասն է, որի առաջին մասը` «Գայլի սրահ» (Wolf Hall) 2009 թ. նույնպես արժանացել է «Բուքեր»-ի:
Costa մրցանակն ամեն տարի շնորհվում է հինգ անվանակարգերում Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հեղինակներին` լավագույն վեպ, լավագույն կենսագրական գիրք, լավագույն բանաստեղծական գիրք, լավագույն մանկական գիրք և լավագույն դեբյուտ: Այս մրցանակների շնորհումից հետո ժյուրին ընտրում է տարվա գիրք անվանակարգում հաղթողին:
Լավագույն դեբյուտ անվանակարգում հաղթող է ճանաչվել Ֆրանչեսկե Սիգալի «Անմեղները» (The Innocents) վեպը: Լավագույն բանաստեղծությունների գիրք է ճանաչվել Քեթլին Ջեմիի The Overhaul ժողովածուն, լավագույն մանկական գիրք` Սալի Գարդների Maggot Moon-ը: Լավագույն կենսագրական գիրք է ճանաչվել Բրայան և Մերի Թելբոթների Dotter of her Father’s Eyes գրաֆիկական նորավեպը, որը պատմում է Ջեյմս Ջոյսի դստերի կյանքի մասին:










































