Ադրբեջանական Trend.az կայքի փոխանցմամբ, Բաքվում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից միայն Ռուսաստանի նախագահն է անձամբ զբաղվում այդ խնդրով: Ռուսաստանն առանձնահատուկ պատասխանատվություն է զգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ինչը կշարունակվի նաև հետագայում:
Այս հարցում Ռուսաստանն առանձնահատուկ պոտենցիալ ունի, քանի որ սերտ հարաբերություններ է պահպանում հակամարտող կողմերի հետ, և մենք մեր բարոյական ու պատմական պարտքն ենք համարում այդ հնարավորությունից օգտվելը: Ռուսաստանն այս հարցում համագործակցում է մյուս համանախագահ երկրների` ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ»:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին: