Աբխազական Abkhazeti.info կայքի փոխանցմամբ, Կովկասի գծով փորձագետ Մամուկի Արեշիձեն վրացական «Պիրվելի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի թուրքական այցերը ցայժմ չեն կայացել Ռուսաստանի պատճառով.
«Բաղապշի Թուրքիա այցելելու ցանկությունը կապված է աբխազ մուհաջիրներին (վերաբնակներին) հետ վերադարձնելու խնդրով, ինչը հանդիսանում է Բաղապշի նախագահական խոստումը: Սա Թուրքիա այցելելու Բաղապշի 9-րդ կամ 10-րդ փորձն է` մուհաջիրների հետվերադարձման համար:
Ցայժմ հենց Ռուսաստանն է կասեցրել Բաղապշի այդ այցերի փորձերը, քանի որ Ռուսաստանին ձեռնտու չէ մուհաջիրների վերադարձն Աբխազիա: Դրա համար էլ կասկածելի է, որ այս անգամ Բաղապշին կհաջողվի այցելել Թուրքիա: Վերջին տարիներին բազմիցս նմանատիպ տեղեկատվություն է հայտնվել, սակայն այցը, ի վերջո, չի կայացել: Անգամ եթե Բաղապշին հաջողվի այցելել Թուրքիա, ապա Ռուսաստանը կխափանի նրա այդ պլանները»:
Հիշեցնենք, որ այսօր թուրքական Today’s Zaman թերթը գրել է, որ ապրիլի 7-ին Բաղապշն այցելելու է Թուրքիա, որի շրջանակներում ապրիլի 7-8-ը գտնվելու է Անկարայում, իսկ ապիլի 9-10-ը` Ադաբազարում և Ստամբուլում:
Ի դեպ, ներկայումս Թուրքիայում բնակվում են մինչև 700.000 աբխազներ: