Ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջամիլն ասել է, որ Սիրիայում ճգնաժամի հաղթահարման համար հարկավոր է անցումային կառավարության կազմում ներգրավել ինչպես գործող իշխանության ներկայացուցիչների, այնպես էլ՝ ընդդիմադիրների:
«Նոր կառավարության նպատակն այն է, որ ներկայացված լինեն ներկայիս վարչակարգն ու ընդդիմությունը: Բոլոր ճգնաժամային իրավիճակներում նման կառավարություններ ձևավորվում են: Այդ մասին ասել է ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին։ Լայն ազգային միասնության կառավարության մասին կասի նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը»,- ասել է Ջամիլը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայի կառավարության և ընդդիմության 2 տարի շարունակվող հակամարտության զոհ է դարձել ավելի քան 60 հազար մարդ: Սիրիայում վնասվել կամ լիովին ոչնչացվել են հազարավոր շինություններ, դրանց թվում՝ դպրոցներ, մզկիթներ ու եկեղեցիներ: Երկրին հասցվել է հսկայական նյութական վնաս:
2013 թ. 4 մլն մարդ Սիրիայում հումանիտար օգնության կարիք կունենա: Սիրիայի փախստականների թիվը հարևան երկրներում հասել է կես միլիոնի։










































