Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Գերմանիայում լույս կտեսնի Եղեռնի զոհ դարձած հայտնի 11 հայ գրողների երկերի ժողովածուն՝ գերմաներեն թարգմանությամբ: Վերջերս լրագրողների հետ ունեցած հանդիպմանը այս մասին հայտնել է Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ փոխանցում է ֆրանսիական «Յառաջը»:
«Վերջին տարիներին համարյա ոչ մի հայ գրողի գիրք արտասահմանում չէր թարգմանվում և տպագրվում։ Մեր հայ ականավոր գրողներն արժանի են, որպեսզի աշխարհը հնարավորություն ունենա կարդալու նրանց գործերը և իմանալու, թե ինչպիսի՛ մեծություններ են զոհ գնացել այդ նախճիրին։ Արդեն հայտնի է գրքի գերմաներեն տարբերակի շնորհանդեսի օրն ու վայրը՝ այն տեղի կունենա մայիսի 10-ին՝ գերմանական Բագդերբուրգ քաղաքում։ Գրքի հրատարակիչ կազմակերպությունը այն տպագրելու է 500 օրինակով, որի մի մասը տրամադրվելու է գրադարաններին»,- հայտնել է Էդ. Միլիտոնեան:
Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի, Սիամանթոյի, Ռուբեն Զարդարյանի և այլ գրողների գործերը, ինչպես հայտնել է Գրողների միության նախագահը, ծրագրվում է տպագրել նաև ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն: Ռուսերեն տարբերակի թարգմանությունն ու տպագրությունը նախատեսվում է կատարել Հայաստանում, իսկ անգլերեն և ֆրանսերեն տարբերակների տպագրությունը՝ Ֆրանսիայում և Անգլիայում, որպեսզի դրանք հասանելի դառնան այդ երկրների բնակիչներին:
Գրողների միության նախագահը նաև հավելել է, որ ծրագրում են Ցեղասպանության մասին գրված լավագույն բանաստեղծությունները տպագրել հայերեն և ռուսերեն լեզուներով: