Երեկ ամբողջ օրը հակասական տեղեկություններ էին տարածվում Կոտ դ’Իվուարւմ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Որոշ աղբյուրներ պնդում էին, որ նախագահի պաշտոնը զավթած երկրի նախկին նախագահ Լորան Գբագբոն հանձնվել է 2010 թ. նախագահ ընտրված Ալասանա Ուատտարային աջակցող ուժերին, սակայն երեկոյան այդ լուրերը հերքվեցին: Ավելին, Գբագբոն չի էլ պատրաստվում հրաժարվել պաշտոնից, թեպետ գտնվում է շրջափակման մեջ երկրի տնտեսական մայրաքաղաք Աբիջանում:
Գբագբոն երեկ դիմել է Կոտ դ’Իվուարում ՄԱԿ-ի առաքելությանը (UNOCI)` պաշտպանություն խնդրելով նրանցից: Նա բանակին խաղաղության կոչ է արել, սակայն հայտարարել է, որ չի պատրաստվում հանձնվել: Նա հերքել է այն լուրերը, որ ինքը հրաժարվել է իր պաշտոնից` նշելով, որ կեղծիքներ չեն եղել, և ինքն է համարվում ընտրված նախագահ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, որ առճակատումը Կոտ դ’Իվուարում շարունակվում է արդեն մի քանի ամիս: Անցած տավա նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններից հետո երկրի գործող նախագահ Լորան Գբագբոն հրաժարվեց պաշտոնը զիջել նորընտիր նախագահ Ալասանա Ուատտարային, որից հետո երկու կողմերի ներկայացուցիչները պայքար սկսեցին մեկը մյուսի դեմ: Վերջին մի քանի օրերին Ուտտարայի կողմնակիցները գրավել են երկրի գրեթե ողջ տարածքը: