Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Այս մասին ասվում է կառավարության տարածած հաղորդագրությունում:
Օրակարգի առաջին հարցով խորհուրդը քննարկել և հաստատել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդատուի տեխնիկական առաջադրանքի նախագիծը:
Նիստում արծարծվել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 1-ին տրանշի` Երևան-Աշտարակ և Երևան-Արարատ ճանապարհահատվածների նախագծերի պատրաստման վերջնաժամկետների հարցը, ինչպես նաև ներկայացվել է ծրագրի 2-րդ տրանշի` Աշտարակ-Թալին ճանապարհի նախագիծը:
Սահմանվել են նաև հողի օտարման վերջնական ծրագրի նախապատրաստման և ներկայացման ժամկետները: Ի թիվս օրակարգային հարցերի, հաստատվել է նաև «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ամփոփ բյուջեի և պահպանման ծախսերի նախահաշիվը: