Վատիկանում ավարտվում է Սրբերի միաբանության ժողովը, որի ընթացքում ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր Հռոմի պապի հայտարարության համար, որով նա պիտի հայտնի, թե ով կստանա եկեղեցական դոկտորի կոչում: Ֆրանսիական «Յառաջի» փոխանցմամբ՝ այս մասին գրում է Infocatolica.com կայքէջը:
Այդ կոչումը տրվում է վաստակավոր աստվածաբաններին: Այս անգամ այդ կոչմանը պիտի արժանանա Սուրբ Գրիգոր Նարեկացին: Նրան կաթոլիկ աշխարհում համեմատում են Սուրբ Օգոստինոսի հետ՝ նախ և առաջ հաշվի առնելով ոչ թե աշխատությունների քանակը, այլ ազդեցությունը հավատացյալների վրա:
Կայքը մանրամասն անդրադառնում է Նարեկացու կենսագրությանը՝ նշելով, որ այն մեծապես նպաստել է Հայ առաքելական եկեղեցու զարգացմանը: Հաղորդվում է նաև, թե Նարեկավանքը, որտեղ սովորել է Գրիգոր Նարեկացին, 1915-ի Հայոց ցեղասպանության ժամանակ հիմնովին ավերվել է, իսկ 1915-23թթ. Հայոց ցեղասպանության զոհ է դարձել 1,5-2 միլիոն հայ:
Նշվում է նաև, որ Գրիգոր Նարեկացին ականավոր աստվածաբան է և հայ գրականության լավագույն ներկայացուցիչներից մեկը: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, իսկ 1984 թվականին երգահան Ալֆրեդ Շնիտկեն Նարեկացու բանաստեղծությունների հիման վրա գրել է երաժշտական գործ՝ երգչախմբի համար: