Ադրբեջանական Trend.az կայքի փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի վարչության պետ Ալի Հասանովն Ադրբեջանում ԵԱՀԿ ու ԱՄՆ ներկայացուցչություններից պահանջել է չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին:
Հիշեցնենք, որ նրանք քննադատության էին ենթարկել պաշտոնական Բաքվին` ապրիլի 2-ին ընդդիմության ցույցը ցրելու և մեծ թվով ցուցարարների ձերբակալելու համար:
Հասանովը հայտարարել է. «Ադրբեջանը «մշտապես հարգանք» է ցուցաբերել ցույցեր կազմակերպելու ազատության և ազատ արտահայտվելու խնդիրների նկատմամբ: Իշխանական մարմիններն այդ իրավունքների ապահովման համար «ստեղծում» են բոլոր անհրաժեշտ պայմանները:
Դրա հետ մեկտեղ, պետության հիմնական առաջադրանքը իր քաղաքացիների անվտանգության ապահովումն է, օրենքի ու իրավական նորմերի գերակայության պահպանումը, հասարակական կարգի պահպանումը և այլն:
Ինչպես և մնացած բոլոր երկրներում, այնպես էլ ԵԱՀԿ անդամ երկրներում, ԱՄՆ-ում և վերջապես Ադրբեջանում կասեցվում են չարտոնված ակցիաները, քանի որ դրանք կարող են հանգեցնել լարվածության առաջացման, խախտել կայունությունը և հասարակական կարգը:
Ինչպես և համայն աշխարհում, այնպես էլ Ադրբեջանում ոստիկանության հետ բախման մեջ մտնող և իրավապահ մարմիններին չենթարկվող մարդիկ ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:
Ինչ վերաբերում է ԱՄՆ ու ԵԱՀԿ ներկայացուցչությունների հայտարարություններին, ապա պետք է ընդգծել, որ մենք երբևէ մեր վերաբերմունքը չենք արտահայտել արտերկրում տեղի ունեցած նմանատիպ միջոցառումներին, քանի որ մշտապես կարծել ենք, որ դրանք այդ երկրների ներքին խնդիրներն են:
Դրա համար էլ վատ չի լինի, եթե օտար ներկայացուցչությունները գործեն իրենց լիազորությունների շրջանակներում և չմիջամտեն Ադրբեջանի ներքին գործերին»: