Թուրքական Miliyet թերթը հաղորդում է, որ հայտնի է դարձել թուրքական երրորդ ատոմակայանի կառուցման վայրը: Արդեն հայտնի է, որ միջերկրածովյան Մերսինի նահանգի Աքքույու վայրում Ռուսաստանը կառուցելու է թուրքական առաջին ատոմակայանը, իսկ սևծովյան Սինոպում երկրորդ ատոմակայանի կառուցման շուրջ դեռ բանակցություններ են ընթանում ճապոնական կողմի հետ: Այս երկու ատոմակայանների ընդհանուր հզորությունը կազմելու է 10.000 Մեգավատտ:
Եվ ահա, Թուրքիայի էներգետիկայի նախարարության մի պաշտոնյա Reuters-ին տված հարցազրույցում նշել է, որ մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման հարյուրամյակը) իրենք պետք է կառուցեն 3 ատոմակայան, որոնց ընդհանուր հզորությունը կազմելու է 15.000 Մեգավատտ:
Երրորդ ատոմակայանի կառուցման վայրի վերաբերյալ պլանն առաջ է քաշվել մի քանի տարի առաջ: Այժմ վճռվել է այն կառուցել Թուրքիայի եվրոպական հատվածում` Թրակիայի շրջանի Իղնեադա վայրում: Նա նաև ընդգծել է, որ այդ շրջանը սեյսմիկ առումով Թուրքիայի ամենաանվտանգ վայրերից մեկն է:
Հիշեցնենք, որ Թուրքիայում միջուկային էներգիայի թեման օրակարգ մտավ 1956 թվականին, ստեղծվեց Ատոմային էներգիայի թուրքական խորհուրդը (ԱԷԹԽ):
Ի դեպ, նախկինում էլ նշվում էր, որ երրորդ ատոմակայանը կառուցվելու է Էգեյան ծովի ափին ընկած Մուղլայի նահանգում, որը հանդիսանում է Թուրքիայի ամենամեծ ծովափ ունեցող նահանգը: