Հանրապետական կոնգրեսական Ռոդնի Ֆրելինգհայսնը նամակ է հղել ԱՄՆ առեւտրային ներկայացուցչին, որտեղ խնդրում է, որպեսզի ԱՄՆ-ը ոչ ֆորմալ բանակցությունների մեջ մտնի Հայաստանի հետ` Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիր ստորագրելու համար: Այս մասին հայտնում է Հայ դատի Ամերիկայի գրասենյակը:
Ֆրելինգհայսնը Հատկացումների ազդեցիկ հանձնաժողովի անդամ է, ինչպես նաեւ անդամակցում է Պաշտպանության ենթահանձնաժողովին: ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչը դեսպան Քըրքին ուղղված նամակում ասում է, որ «աշխատանքն այս պայմանագրի վրա կարեւոր քայլ է երկարաժամկետ տնտեսական կապերի ամրապնդման համար»:
Սեպտեմբերին կոնգրեսմեն Ռոբերթ Անդրյուսը նույնպես դիմել է դեսպան Քըրքին` կոչ անելով բանակցել ԱՄՆ-Հայաստան առեւտրային պայմանագրի շուրջ:
Ամերիկայի Հայ դատի գրասենյակի խոսնակ Ջեյմս Սահագյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսմեն Ֆրելինգհայսնից այս հարցում ցուցաբերած նախաձեռնության համար` նշելով, որ սրանից կշահեն եւ՛ Հայաստանը, եւ՛ ԱՄՆ-ն: Հայ դատի գրասենյակը նույնպես դիմել էր դեսպան Քըրքին` առաջ տանելու ԱՄՆ-Հայաստան պայմանագիրը, եւ վարչակազմի ու Կոնգրեսի անդամների հետ տեղեկատվություն է փոխանակել ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ ստորագրվելիք պայմանագրից հնարավոր տնտեսական եւ քաղաքական օգուտների մասին: