Թուրքական Hürriyet թերթը հաղորդում է, որ, թուրքական կառավարության որոշմամբ, Արարատ լեռը բարձրանալու թույլտվության իրավունքը հանվել է Թուրքիայի Գլխավոր շտաբի վրայից և հանձնվել Աղրըի նահանգապետարանին (թուրքերն Արարատ լեռն անվանում են Աղրը դաղ` Ծանր լեռ):
Դրա հետ կապված` անվտանգության գործառույթները նույնպես տրվել են Աղրըի նահանգապետարանին, որն այսուհետ պետք է Արարատ լեռը բարձրանալու գործընթացը նախապես համաձայնեցնի բնապահպանության և անտառտնտեսության նախարարության հետ:
Վերջինիս գլխավոր տնօրեն Յաշար Դոսթբիլը նշել է. «Նախկինում Արարատ լեռը բարձրանալ ցանկացողները պետք է թույլտվություն ստանային Գլխավոր շտաբից և լեռնագնացության ֆեդերացիայից: Դա երկարատև մի գործընթաց էր: Այդ դեպքում անհրաժեշտ ուշադրություն չէր դարձվում լեռան պահպանությանն ու մաքրությանը:
Այժմ մենք բավական հեշտացրել ենք լեռը բարձրանալու գործընթացը: Մեր քաղաքացիները կարող են այդ կապակցությամբ ուղղակիորեն դիմել մեզ, իսկ օտարազգիների համար այդ գործընթացն իրականացվում է դեսպանատների միջոցով:
Անվտանգության գործառույթները դրված են Աղրըի նահանգապետարանի վրա: Այժմ մեծ ուշադրություն կհատկացվի լեռան բնապահպանական խնդիրներին, իսկ նահանգապետարանը դրանից ստացած գումարները կարող է տրամադրել գյուղացիների բարեկեցության բարձրացմանը»:
Հիշեցնենք, որ Արարատ լեռը (նկարում պատկերված է լեռան հակառակ` թուրքական, կողմը) պաշտոնապես Թուրքիայում զբոսաշրջային վայր է հայտարարվել 1982 թվականին: Ինչ վերաբերում է Արարատ լեռը բարձրանալու գործընթացում Գլխավոր շտաբի ներգրավվածությանը, ապա դա պայմանավորված է նրանով, որ լեռան վրա թուրքական ռազմաբազա է տեղակայված: