Հայկական կողմը հասավ նրան, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին բանաձևը հանվեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի օրակարգից, այդ մասին հայաստանյան լրատվամիջոցներին հայտնել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Կարեն Ավագյանը: Նրա խոսքով` այն բանից հետո, երբ բանաձեւի նախագիծը ներառվեց Վեհաժողովի նստաշրջանի օրակարգում, հայկական կողմը հանդես եկավ համապատասխան առաջարկներով, որոնք պարզություն մտցրին գործի էության մեջ: Ինչպես հայտնել է պատվիրակության ղեկավարը, պաշտոնական Երեւանը բազմիցս հայտարարել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում այդ հարցի դիտարկման անթույլատրելիության մասին, քանի որ ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Մասնավորապես, հուլիսի վերջին ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը նամակ էր հղել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին` ՆԱՏՕ-ի ԽՎ-ին կոչ անելով ձեռնպահ մնալ Վեհաժողովում ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումից, սակայն դրանից մի քանի ամիս անց ԼՂ խնդրի վերաբերյալ բանաձեւի նախագիծը հայտնվել էր ՆԱՏՕ-ի ԽՎ օրակարգում: