
Financial Times-ի թղթակցի՝ ռուբլու փլուզման ու դեպի ռեցեսիա սահքի վերաբերյալ հարցին «Տրոյկա Դիալոգ» ընկերության նախկին ղեկավար (2011-ին վաճառվել է «Խնայբանկին») Ռուբեն Վարդանյանի մեկնաբանությունը եղել է տիպիկ ռուսական. «Ավելի վատ էլ է եղել»:
«Ամեն ինչ հարաբերական է»,- ասել է նա՝ մինչ թվարկել է Խորհրդային միության փլուզումից ի վեր վերջին քառորդ դարում ռուսական տնտեսության ճգնաժամերի ցուցակը: «Հետ նայելով 25 տարիներին և լինելով այս երկրում՝ ես կարող եմ ասել, որ մշտապես մարտահրավերներ կան»:
46-ամյա Վարդանյանն այդ ամենին քաջատեղյակ է. նա ղեկավարել է մի ընկերություն, որը վերջին երկու տասնամյակում եղել է Ռուսաստանի առաջատար ներդրումային բանկերից մեկը և, ըստ այդմ, երկրի յուրաքանչյուր ճգնաժամի դեպքում հայտնվել է հարվածի առաջին շարքերում:
Վարդանյանը մերժում է գաղափարը, թե Ռուսաստանն աննպաստ միջավայր է դարձել ներդրումային բանկիրների համար: «Ինչպես 1991 թվականին, երբ Խորհրդային միության փլուզումը վիթխարի քաղաքական ու տնտեսական հեղաշրջում առաջացրեց Ռուսաստանում, երկիրը ներկայումս հասել է մեկ այլ նման բեկման կետի»,- ասել է նա:
Նա հիշում է 1991 թվականը, երբ Մոսվայում նստած՝ ինքն իրեն ասել է, որ ունի 2 տարբերակ. Խորհրդային միությունը կմնա, իսկ ինքը կարտագաղթի, և երկրորդ տարբերակ՝ Ռուսաստանը կկառուցի կապիտալիզմ, որը վիթխարի հնարավորություն է: «24 տարի անց ես նստած եմ Ձեր դիմաց, և մենք խոսում ենք նույն բանի մասին»,- ասել է նա:
Ինչպես 1991-ին, Վարդանյանն աջակցում է Ռուսաստանի՝ շուկայական մոտեցումն ընտրելուն: Նրա խոսքերով՝ կլինեն վեր ու վար ընթացքներ, կլինեն իրավիճակներ, որոնք կտխրեցնեն ու կնյարդայնացնեն շատերին, ինչպես շատ անգամ պատահել է նախկինում, սակայն 20 տարի անց Ռուսաստանում կշարունակի գոյություն ունենալ շուկայական տնտեսություն:
Վարդանյանի շատ սերնդակիցներ տեղափոխվում են Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա: «Իմ ընկերներից շատերը ցանկանում են լքել երկիրը, նրանցից ոմանք ուղարկում են իրենց երեխաներին արտերկիր»,- ասել է նա:
Նա իրեն նկարագրել է որպես փնթփնթան լավատես: Ըստ նրա՝ ռուսական կապիտալիզմի վերելքի ժամանակները, ինչպես 1990-ականների վերջերին և 2000-ականների սկզբներին, վերադարձի քիչ հավանականությունն ունեն:
Վարդանյանն իր էներգիան ուղղում է բարեգործությանը: Նրա խոսքերով՝ ներկայումս 100 տարում առաջին անգամ Ռուսաստանն ունի հարստության տիրապետողների առաջին սերունդը: Նա կարծում է, որ պետք է գումարներ ներդնել վճռական փոխակերպումների համար:
Վարդանյանի խոսքերով՝ իր 4 երեխաները միայն գույք կժառանգեն: Մնացած ունեցվածքն ինքն ու կինը ծախսելու են բարեգործական նախագծերի վրա:
Նրա նախագծերից շատերը կենտրոնացած են Հայաստանում: Գործարարը շտապել է ասել, որ չունի հայկական անձագիր և քաղաքական հավակնություններ:
Նա մոտ 80 մլն դոլար է ծախսել՝ կառուցելու Տաթևում աշխարհի ամենաերկար ճոպանուղին, ինչպես նաև վերակառուցելու 9-րդ դարի Տաթևի վանքը: Նա դպրոց է կառուցել Դիլիջանում՝ հույսով, որ այն բացահայտելու է աշխարհը երիտասարդ հայերի համար:
Նա ծրագրում է Ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչել՝ հարգանքի տուրք մատուցելով հայերի կյանքը փրկած մարդկանց ու կազմակերպություններին: Վարդանյանը պատմել է իր պապի պատմությունը, որին միսիոներները փրկել են Ցեղասպանությունից: Խոսելով 100 տարի առաջ 4 միսիոներների կողմից 150 հայ երեխաների փրկելու պատմության մասին՝ նա ասել է. «Այժմ ես հարուստ եմ և ցանկանում եմ պարտքը վերադարձնել»: