Այսօր գազամատակարարման համակարգի վերաբերյալ ԱԺ լսումների ժամանակ հանրային ծառայությունների կարգավորման տնօրեն Ռոբերտ Նազարյանը ներկայացրեց գազի գնի ձևավորման հիմքում ընկած ծախսերը. «Ներկայումս սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 10000 խորանարդ մետր բնական գազի սակագներն են`ամսական մինչև 1000 խորանարդ մետր գազ սպառողների համար 132 հազար դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն, որը համարժեք է 342 ԱՄՆ դոլարին սակագինը հաստատելու օրվա փոխարժեքի կուրսով: Ամսական 10 հազար խորանարդ մետրից ավելի սպառողների համար 243,13 ԱՄՆ դոլար՝ ներառյալ ԱԱՀ-ն: Գազը Հայաստան ներմուծվում է 180 ԱՄՆ դոլար/1000 խորանարդ մետրի դիմաց գնով, որի վրա ավելացնում ենք գազի տեղափոխման և բաշխման ընթացքում առաջացող՝ տեխնոլոգիապես անխուսափելի կորուստները`11 ԱՄՆ դոլար, գազամատակարարման ամբողջ համակարգի նվազագույն շահագործումն ու պահպանման ծախսերը, շահույթը և մաշվածությունը՝ 45 ԱՄՆ դոլար, ինչպես նաև ԱԱՀ-ն` 47 ԱՄՆ դոլար: Ստանում ենք սպառողներին վաճառվող գազի միջին գինը`283 ԱՄՆ դոլար»: Ռոբերտ Նազարյանը հավելեց, որ խոշոր և փոքր գազ սպառողների գների տարբերությունը հաշվի առնելու դեպքում ստացվում է, որ Հայռուսգազարտին մնացող մարժան կազմում է 45 ԱՄՆ դոլար, որից շահագործման և պահպանման ծախսերը կազմում է 17 ԱՄՆ դոլար: