«Հրապարակ»-ը հարցադրումներ է ներկայացնում. «Գործազուրկ էպոսագետն օրինակ, չի՞ զբաղվում «փողերի լվացմամբ»՝ մասնակցելով նախագահական ընտրարշավին: Հարկվե՞լ են արդյոք նրա՝ չգիտես որտեղից հայտնված գումարները: Առավել ևս, որ ինքը, ըստ իր ասածի, դրանք ոչ թե բարեգործներից է ստացել, այլ վաստակել է՝ օտարերկրացիներին ծանոթացնելով մեր էպոսին և մեկնաբանելով նրա նրբությունները: Կա՞ արդյոք մեկը, որին հայտնի լինի որևիցե հայաստանցի, որը կարողանար այդ ճանապարհով ապրուստի համար բավարար գումար վաստակել:
Մեր հանճարեղ էպոսն ուսումնասիրած բանասերներից միայն արևելագետ և հայագետ Ջեյմս Ռասելն է «լավ ապրում»: Այն էլ այն պատճառով, որ նա ոչ միայն դրանով է զբաղված, այլ նաև ճանաչված գիտնական է, որը գիտի շուրջ մեկ տասնյակ լեզուներ: Եվ, ամենակարևորը, հայաստանցի գիտնական չէ, այլ՝ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր: Այլապես այդ ամենը չէր փրկի նրան կիսասոված վիճակից: Ա՜յ, եթե ամերիկյան «էպոսագետ» Ռասելն ինքը շքեղ ավտոմեքենայի մեջ նստած ժամաներ Հայաստան և մուծեր 8 միլիոն դրամ, չէինք զարմանա և մեր գլխավոր դատախազին խորհուրդ կտայինք այս պարագայում չփնտրել «փողերի լվացում» կամ այլ հանցանք:
Իսկ հայաստանցիներից յուրաքանչյուրը, ով կմուծի 8 միլիոն ընտրագրավ, ենթակա է ստուգման: Եվ շատ-շատերի համար դժվար կլինի բացատրել, թե ինչպես են կարողացել կուտակել կամ ճարել 20 հազար դոլարին համարժեք դրամ՝ նկատի ունենալով մեր աշխատավարձերը: Միայն կկարողանան ասել, թե ընկերներն են տվել»:











































