Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Սարդարապատ» շարժման հրավիրած քննարկման ժամանակ նկատեց, որ վերջինս վերապահումով է վերաբերվում «ընտրություն» հասկացությանը: Մինչդեռ, ըստ իրավապաշտպանի, նրանք, ովքեր խոսում են ընտրություններից, կարծում են, որ ընտրությունն այն մեխանիզմն է, որը կարող է կոնսոլիդացնել, հրապարակ հանել ժողովրդին: Վարդան Հարությունյանը կարծում է, որ իրենք հույս են կապում ոչ թե ընտրական գործընթացների հետ, այլ այն բանի հետ, որ ընտրությունների միջոցով կարող են ինչ-որ բան փոխել: Ազատամարտիկ Հարություն Մեսրոբյանն էլ նկատեց, որ երբ ընդդիմադիր քաղաքական ուժերն ամեն ընտրությունից առաջ հայտարարում են, թե այս անգամ հաղթելու են, իշխանափոխություն են իրականացնելու, եւ այդ ամենը չի լինում, հասարակության ակտիվ հատվածը հիասթափվում է եւ ելքը տեսնում արտագաղթի մեջ: Մեսրոբյանը պնդեց, որ պետք է ստեղծել այնպիսի իրավիճակ, երբ հրաժարական չտալը կդառնա ավելի վտանգավոր, քան հրաժարական տալը: